«Հայաստանին հատկացվելիք հաջորդ 7-ամյա բյուջեն ավելի մեծ կլինի, քան ներկայիս հատկացումն է». Յոհաննես Հաան
«Հայաստանից ավելի պակաս ֆինանսական օժանդակություն ստացող երկրներ ևս կան ԱլԳ-ում»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ֆինանսական օժանդակության ծրագրերին:
Յոհաննես Հաանն իր խոսքը սկսեց՝ գնահատելով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք, նրա որակմամբ, ընդունվել են բոլորի կողմից: Նրա խոսքով՝ դա լավ բան է:
Հաանը նաև ասաց, որ մինչ այս պահը` ՀՀ վերջին շրջանի պատմության մեջ յուրահատուկ ընտրություն տեղի ունեցավ, որը միջազգային հանրության կողմից համարվեց արդար և թափանցիկ ընտրություն:
«Այժմ կարևոր է նայել ապագային, ապագան` տնտեսական զարգացման առումով, այն տնտեսական զարգացման առումով, որն անհրաժեշտ է, որպեսզի ավելի ուժեղ ժողովրդավար հասարակություն լինի: Առանձնացրել ենք տնտեսական որոշ ոլորտներ, որոնց վրա հատկապես ուշադրությունը պետք է կենտրոնացնենք: ԵՄ-ն կարող է այդտեղ օժանդակել գյուղատնտեսությանը՝ մասնավորապես, և ընդհանրապես ապագային ու տեխնոլոգիաներին միտված ոլորտներին, դրանցում ՀՀ-ն կարող է նպաստել ԵՄ արդյունաբերական զարգացմանը: Մյուս ոլորտը դատական բարեփոխումն է, այս հարցերով աշխատում ենք, հարուստ փորձ ունենք: Երրորդ ոլորտը կրթությունն է, որը մեծագույն հետաքրքրություն ունի: Երկու տարի առաջ համաձայնեցրել ենք, որ անդրեվրոպական ցանցն ընդարձակվի: Սկսելու ենք կոնկրետ ծրագրեր ունենալ, և դա է իրոք անհրաժեշտ հաջորդ մի քանի ամիսներին և մոտակա տարիներին»,- ասաց Հաանը:
ԵՄ հանձնակատարն ասաց, որ այսօր 300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, 100 միլիոն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 միլիոն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի, ջրի, ոռոգման, տրանսպորտի ոլորտներում, դա էլ ավելի կմեծանա, քանի որ աշխատում են Կառավարության հետ, որպեսզի առանձնացնեն հետագա օժանդակության ոլորտները: «Ուզում եմ ընդգծել, որ վերջերս ստորագրել ենք փաթեթ, որը վերաբերում է կրթության ոլորտում նորարարությանը, 23 միլիոն եվրոյի փաթեթ, այդ թվում՝ «ԵՄ-ն նորարարության համար» ծրագիրը Թումոյում»,- ասաց Յոհաննես Հաանը:
ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստանին հատկացվելիք ԵՄ հաջորդ ֆինանսական բյուջեի մշակման շուրջ, բյուջե, որը նախատեսված է լինելու հաջորդ յոթ տարիների համար`2021-2027թթ.:
Նրա խոսքով, ժամանակ է պահանջվում այդ ամենը բանակցելու համար: «Բայց այսօր վերահավաստիացնում եմ, որ ավելի մեծ կլինի բյուջեն, քան ներկայումս տրված հատկացումն է, որը պետք է որ դրական արդյունք ունենա Հայաստանի համար»,- ասաց հանձնակատար Հաանը:
Հարցին, թե Հայաստանին հատկացվելիք բյուջեի ընդլայնումը պայմանավորվա՞ծ է ՀՀ ներքաղաքական զարգացումներով, Հաանը պատասխանեց, որ հատուկ բյուջետային տող ունեն, որը նվիրված է հատուկ ձեռքբերումներին իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառում:
Ըստ նրա, անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի ՀՀ-ի համար:
«Արդեն իսկ անցյալ տարի մի փոքր արեցինք, ավելին կանենք այս տարի, դեռ հունվար ամիսն է, վաղաժամ է, բայց ամենը խոստումնալից է թվում: Հանդգնում եմ արդեն ասել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ արտացոլելով՝ որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Բայց շատ ավելի կարևոր է երկրում առկա դրական տրամադրությունը, որն արտասահմանում էլ է զգացվում, ներդրումային միջավայրի վրա էլ է զգացվում, մարդիկ հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն:
Մենք քննարկեցինք հատուկ ներդրումներ անելու հնարավորությունը, ներդրումային խորհրդաժողով գումարելու հնարավորությունը, որը եվրոպական ներդրողներին թույլ կտա ծանոթանալ այս առկա հնարավորություններին, քանի որ մթնոլորտը, միջավայրը, տրամադրությունը շատ լավն է, և դա պետք է օգտագործել, դա մնայուն աշխատատեղեր կստեղծի, կօգնի, որպեսզի մարդիկ մնան երկրում և ստիպված չլինեն արտագաղթել»,- ասաց Հաանը:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է Հայաստանն ԱլԳ-ում ամենաքիչ ֆինանսական աջակցությունը ստացող երկիրը, Հաանն արձագանքեց՝ ասելով, եթե համեմատում է տարեկան հատկացումներով, ավելի քիչ ստացող երկրներ ևս կան:
«Բայց Դուք կարծեմ ավելի շատ ենթակառուցվածքային ծրագրերը նկատի ունեք, այս առումով մենք պետք է դիտարկենք այն ծրագրերն ու այն ամենը, ինչ հայտարարել ենք մինչ օրս, ծրագրերի պատրաստվածության աստիճանն է կարևոր, հստակ համաձայնեցրած քարտեզ ունենք՝ անդրեվրոպական ցանցի ընդլայնման հետ կապված, և այժմ մենք պետք է նախապատրաստենք այդ ծրագրերը: Առաջինը եկողը առաջինը կսպասարկվի, չէի ասի, որ մրցակցություն է, պարզապես այստեղ նաև այն է, թե որ երկիրն ավելի արագորեն կպատրաստի պրոյեկտներ»,- ասաց նա: