Ինչպես կարձագանքի Ադրբեջանը Փաշինյանի դիտարկումներին

«Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել տարածաշրջանում և չի փոխվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով բանակցային գործընթացին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին դիտարկումներին:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՀՀ վարչապետը նշել էր, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող է բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ըստ նրա, ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում: Նրա խոսքով, բոլոր այն հայտարարությունները, որ հրապարակավ արել է, իհարկե, այդ բոլոր հարցերին Ալիևի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են։

«Բոլոր այն հայտարարությունները, որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, բոլոր հարցերին մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք։ Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացրել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել՝ որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում»։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Դավոսում՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ մի արդյունք չկա, դա պարզապես հերթական շփումն էր»:

Ալեքսեյ Մալաշենկոյի գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է վերջակետ դնել այն խոսակցություններին, որոնք ակտիվացել էին բանակցային գործընթացի մասին փարիզյան և դավոսյան հանդիպումներից հետո:

Ըստ նրա՝ պետք չէ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ այս հանդիպումների ողջ բովանդակությունը` քննարկումների առարկան, չի կարող ամբողջությամբ հրապարակային լինել, և դա բնական է, բայց բանակցային գործընթացը որոշակիորեն պետք է բաց լինի նաև հանրության համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հակամարտության շուրջ իրադարձությունները ցավալի հիշողություններ են առաջացնում հասարակությունների մոտ:

«Կարևոր էր նաև ՀՀ ղեկավարի շեշտադրումը՝ Ղարաբաղի փոխարեն բանակցելու հարցի վերաբերյալ, քանի որ ակտիվ շփումներ են տեղի ունենում կողմերի միջև, ինչը մի շարք հարցեր է բարձրացնում: Եթե հայկական կողմը չի բանակցում Արցախի փոխարեն՝ ուրեմն այս շփումները բանակցային գործընթացը պահպանելու և շփման գծում լարվածություն թույլ չտալու համար են:

Երկրորդ հարցը, որ ծագում է` բանակցային գործընթացին Արցախի միանալու հարցի լուծումը հայկական կողմն ինչպե՞ս է պատկերացնում, եթե Ադրբեջանը բացառում է այդ հնարավորությունը: Տպավորություն է, որ հայկական կողմը չի պատկերացնում, թե դա ինչպես է պետք անել:

Հայկական կողմը փորձում է կողմնորոշվել՝ ինչպես շարժվել այսուհետ: Մինչ այս կար տպավորություն, որ բանակցային սեղանին հստակ հարցեր են դրված, և դրանք քննարկման փուլում են: Սա գուցե բեկումնային փուլ դառնա բանակցությունների այս փուլի համար՝ հաշվի առնելով այն, որ հայկական կողմը երկար ժամանակ այս հնարավորության մասին չէր խոսել: Բնականաբար, ադրբեջանական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը, և ուշագրավ է, թե ինչպես կարձագանքի: Ենթադրում եմ, բայց սպասենք արձագանքների, դա կարևոր է՝ հասկանալու համար այն, թե ինչպես կընթանան ապագա բանակցությունները»,- ասաց Մալաշենկոն:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին` Մալաշենկոն ասաց, որ Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում չի փոխվել և չի փոխվի: «Բայց կան գործընթացներ, որոնք գուցե փոխեն կամ ժամանակավորապես նոր նրբերանգներ ավելացնեն ռուսական քաղաքականության մեջ, այդ փոփոխություններից մեկը ներքաղաքական բնույթի զարգացումներն են հակամարտող երկրներում, երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ռուսաստանը տարածաշրջանում իրականացնում է գլոբալ քաղաքականություն, որը ձևավորվում է մի քանի հանգամանքների շնորհիվ` դրանք երկկողմ հարաբերություններն են, տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու հետաքրքրությունը և հարակից տարածաշրջաններում Ռուսաստանի շահերը:

Ռուսաստանը շարունակելու է փորձել պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, և այդ ուղիներից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է: Եթե Ռուսաստանը շոշափի կարգավորմանը նույնիսկ մոտ հեռանկարներ, բնական է, կփորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել՝ հստակ քաղաքական վարելով թե կողմերի և թե միջնորդների հետ: Ներկայումս իրավիճակը բավականին անորոշ է ինձ համար, բայց միջնորդներն ու Ադրբեջանն ակնհայտորեն ցուցաբերում են շահագրգռվածություն՝ կարգավորել հակամարտությունը, իսկ Հայաստանը կարծես թե չի շտապում»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս