Բաժիններ՝

«Գյուղացների մոտ կար մեծ ոգևորություն, բայց այն կամաց-կամաց մարում է»

«Գյուղացիները հեղափոխությունից հետո ակնկալիքներ ունեին, որովհետև տարիներ շարունակ Գյուղնախարարությունը դեմքով շրջված էր դեպի օլիգարխիան, ամբողջ ծրագրերը, որոնք լինում էին դրսից՝ գյուղական աղքատության նվազեցման և գյուղերի զարգացման համար, հիմնականում ծառայել են որոշ կլանների: Նրանք կառուցել են ջերմոցներ, ֆերմաներ, այգիներ, իսկ գյուղացուն չնչին մասն է հասել. որոշակի քանակի անորակ պարարտանյութ, սերմեր էին բերում:

Այսօր էլ գյուղատնտեսության ոլորտում պատահական մարդիկ են եկել, ցույց են տալիս, որ մտահոգ են երկրի մասին, իսկ գյուղացիները դեռ սպասում են, որ իրավիճակը կփոխվի, կլավանա»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է շրջանառվող ու դեռևս չհերքվող լուրերին, որ Գյուղնախարարությունը միանալու է Տնտեսական զարգացման նախարարությանը, ապա Ս. Սեդրակյանն ասաց, որ չի ողջունում այդ գաղափարը. «Գյուղնախարարությունում շատ աշխատողներ կան, որոնք գործ չեն անում, պարզապես եկել ու նախկինում տեղավորվել էին, ա՛յ նրանց թող կրճատեն: Մասնագետներ չեն, պետք է նրանց կրճատել՝ գյուղնախարարին էլ՝ հետը: Վերջին երեք նախարարներից ոչ ոք գյուղատնտեսության ոլորտի մասնագետ չէ: Պետք է մասնագետ լինեն, փորձ ունենան:

Գյուղացների մոտ կար մեծ ոգևորություն, բայց այն կամաց-կամաց մարում է: Ի՞նչ է նշանակում՝ Գյուղնախարարությունը վերացնել: Նման նախարարություն նորմալ բոլոր երկրներում էլ կա: Այնքան գումարներ են եկել այս վերջին տարիներին՝ գյուղատնտեսության զարգացման ու գյուղական աղքատության վերացման նպատակով, և եթե այդ գումարների կեսն էլ նպատակին ծառայեր, այսօր զարգացած ագրարային երկիր կունենայինք, բայց լափել են:

Մի քանի անգամ գրել եմ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ հորդորելով ստուգումներ կատարել այդ նախարարությունում: Գյուղատնտեսության նախարարությունն այն տեղն է, որտեղից մեծ գումարներ կարող են վերադարձնել բյուջե:

Չգիտեմ՝ ինչո՞ւ չեն մտնում: Գիտե՞ք, թե այստեղ որն է Նիկոլ Փաշինյանի թերությունը: Նա պետք է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին, քաղաքացիական հասարակության մասնագետներին հավաքի, նրանց ներուժն օգտագործի: Իսկ այսօր ԱԺ են եկել մարդիկ, որոնցից շատերը երևի հիմնականում մի երեք հոգու էլ չեն ղեկավարել: Մասնագետներին ինչո՞ւ չեն օգտագործում, թեկուզ խորհրդական թող տանեն, որ մարդիկ օգնեն, երկիրը շենացնեն»:

Սարգիս Սեդրակյանն ասաց՝ մտավախություն ունեն, որ այս որոշմամբ գյուղատնտեսության ոլորտը երկրորդական պլան կմղվի, ինչպես շատ համայնքներ՝ խոշորացումից հետո:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս