Երբ պիտի կառավարությունը, ի վերջո, գործով զբաղվի

Թվում էր, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարությունը թևերը քշտած պիտի սկսեր աշխատել։ Հատկապես որ, անելիքների պակաս չունի. Տնտեսական աճի միտումները գնալով վատանում են։ Դժվար է նույնիսկ խոսել հասարակության սոցիալական պայմանների քիչ թե շատ բարելավման մասին։

Այս իրավիճակը պահանջում է խոսելու փոխարեն՝ գործով զբաղվել։ Առավել ևս, որ դրա համար այլևս չկան նախկին խանգարող հանգամանքները։

Ընտրություններից հետո անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ժողովրդի բացարձակ վստահությունը ստացած քաղաքական ուժն առայժմ չի շտապում։ Դեռևս անորոշ է անգամ կառավարության կառուցվածքը։ Հայտնի չէ նույնիսկ, թե երբ կձևավորվի նոր կաբինետը։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը սպասվում է հունվարի 14-ին։ Դրանից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարության կաբինետի ձևավորման և գործունեության ծրագրի ներկայացման համար։

Այլ կերպ ասած, տարեսկզբի առնվազն մեկուկես-երկու ամիսը կարելի է կորած համարել։ Մինչդեռ հասարակությունն ու տնտեսական հատվածի մասնակիցներն անհամբեր սպասում են, թե կառավարությունը, ի վերջո, երբ պիտի զբաղվի իր բուն գործով։

Տարվա մեկնարկին տնտեսական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ նույնքան անորոշ, որքան իշխանափոխությունից անմիջապես հետո։

Անցած տարին հաջողվեց փակել տնտեսական աճով։ Բայց դրան մեծապես նպաստեց հատկապես տարեսկզբին արձանագրված բարձր ակտիվությունը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում տնտեսական գործընթացներն էապես դանդաղեցին։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Եթե մի պահ տնտեսական ակտիվությունը հասնում էր գրեթե 10-10,5 տոկոսի, ապա սպասվում է, որ տարին կփակվի հազիվ 5-5,5 տոկոսի սահմաններում։

Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց կարող էր շատ ավելի լավ լինել, եթե կառավարությունն իսկապես զբաղվեր տնտեսական խնդիրներով։ Մինչդեռ այդպես չեղավ։ Տնտեսությունը ստորադասվեց քաղաքականությանը։

Կառավարությունը չկարողացավ խուսափել քաղաքական արկածախնդրությունից։ Կատարվեցին քայլեր, որոնք շոկային իրավիճակ ստեղծեցին տնտեսության համար։ Դրանից մեծապես տուժեց հատկապես ներդրումային միջավայրը։ Չնայած ձևավորված բարձր սպասումներին, այնուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը զրկվեց արտաքին կապիտալի մուտքերից։ Գրեթե դադարեցին նաև ներքին ներդրումները։

Իշխանափոխությանը հաջորդած վեց ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ կատարված զուտ ներդրումային հոսքերն առաջին եռամսյակի համեմատ կրկնակի կրճատվեցին։ Հաշվի առնելով ներդրումների կարևորությունը տնտեսության համար, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում դա ինչպիսի բացասական ազդեցություն կունենա։ Ներդրումները պրոցես են, որոնք երբեք չի կարելի ընդհատել, հատկապես՝ արհեստական խոչընդոտների միջոցով։ Հետագայում շատ ավելի դժվար է լինելու վստահության վերականգնումը։

Իշխանափոխությունից անգամ ութ ամիս հետո Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ներդրումային միջավայրում անորոշությունների պակաս չի զգացվում։ Մինչև այժմ իրականացվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ արված հայտարարություններն ու գործնական քայլերը շատ դեպքերում չեն տեղավորվում նույն հարթության մեջ։ Չկան հայեցակարգային մոտեցումներ։

Հայտնի չէ, թե ի վերջո նոր իրողությունների պայմաններում ո՞ւր է գնում Հայաստանի տնտեսությունը։ Չընդունելով նախկինում ստեղծված տնտեսական մոդելը և համարելով, որ այն չի համապատասխանում ներառական տնտեսական քաղաքականությանը, կառավարությունն այդպես էլ որևէ այլ բան չառաջարկեց։ Այս ընթացքում չիրականացվեցին այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք պիտի ամրապնդեին հեղափոխության նվաճումները։

Դեռևս խորհրդարան չեն հասել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնց մասին այդքան երկար խոսվում է, և որի որոշ դրույքներ նախընտրական  քարոզարշավի ժամանակ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կիրառում էր ընտրողների վրա տպավորություն գործելու համար։ Դժվար է ասել, կառավարությունն այդ փոփոխությունների հետ իսկապե՞ս լուրջ հույսեր է կապում, թե՞ փորձում է պարզապես հասարակության մոտ դրական իմիտացիա ձևավորել։ Ամեն դեպքում, այն, ինչ առաջարկվում է, ամենևին էլ բավարար չէ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։

Ավելին, տարին մեկնարկում է, և կառավարության դանդաղկոտության պատճառով առնվազն առաջին կեսին հասարակությունն ու տնտեսությունը չի զգալու այդ փոփոխությունների դրական ազդեցությունը, եթե այդպիսիք պիտի լինեն։ Դրանով պայմանավորված՝ անորոշության մեջ է հայտնվում նաև փոքր և միջին բիզնեսը։ Հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը 114 մլն դրամից դառնում է 58 միլիոն։ Թեև Հարկային օրենսգրքի փոփոխություններով կառավարությունը խոստանում է այն թողնել անփոփոխ, այնուհանդերձ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու մինչև նախատեսված փոփոխությունների կիրառումը։ Եթե, իհարկե, հետագայում կառավարությունը մտափոխվի։ Այս իրավիճակը չի կարող չազդել ոլորտում գործող, առավել ևս, գործել պատրաստվող տնտեսվարողների վարքագծի վրա։

Տնտեսության ոլորտի անորոշությունները, անշուշտ, միայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ չեն կապված։ Առկա են բազմաթիվ ռիսկեր՝ թելադրված՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին միջավայրից։ Այդ պայմաններում պատահական չեն հնչող այն մտահոգությունները, որ հատկապես տարեսկզբին տնտեսության ոլորտում սպասվում են անցանկալի զարգացումներ։ Կանխատեսվում է տնտեսական անկում։

Նման մտահոգությունների համար, անշուշտ, հիմքեր կան՝ կապված մի կողմից՝ նախորդ տարվա բարձր բազայի, մյուս կողմից՝ վերջին ամիսներին դիտարկվող տնտեսական պրոցեսների դանդաղելու հետ։ Առավել ևս, որ նախորդ շրջանում չստեղծվեցին բավարար պայմաններ՝ ինչպես նոր տնտեսական ծրագրերի մեկնարկի, այնպես էլ՝ արդեն սկսվածների ակտիվացման համար։ Արդեն քանի ամիս կառավարությունը չի կարողանում լուծում տալ Ամուլսարի հետ կապված թնջուկին։ Մինչդեռ միայն այդ օրինակը բավարար է, որպեսզի արտաքին կապիտալը խուսափի Հայաստանի տնտեսական միջավայրից։ Հատկապես որ, այն, ինչ կառավարությունը համարում է առավելություն ներդրումների ճանապարհին, չափազանց քիչ է ներդրողների համար։

Հայաստանը լուրջ խնդիր ունի՝ ենթակառուցվածքների և արտաքին հաղորդակցության հետ կապված։

Այն, ինչ կատարվում է Լարսի անցակետում, լիովին բավարար է Հայաստանի տնտեսական միջավայրից զգուշանալու համար։ Ի դեպ, թեև ոգևորող հայտարարություններին, այնուհանդերձ իշխանափոխությունից հետո այս հարցում ևս չհաջողվեց որևէ առաջընթաց ապահովել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս