
Մեծ Բրիտանիան կխստացնի դրոններից օգտվելու կանոնները Գաթվիքում տեղի ունեցած միջադեպից հետո

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը հայտարարել է դրոններից օգտվելու կանոնների խստացման մասին, ինչի պատճառը Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի աշխատանքի բազմակի խախտումներն են: Այդ մասին հայտնել է SkyNews հեռուստաալիքը:
Օդանավակայանների շուրջն ոչ թռիչքային գոտու շառավիղը մեկ կիլոմետրից կընդլայնվի մինչեւ հինգ կիլոմետր: Անօդաչու թռչող ապարատների տերերը պարտավոր են մինչեւ այս տարվա նոյեմբերը գրանցել դրանք: Ոստիկանությունն իրավունք կստանա տուգանել կանոնախախտներին եւ ազատազրկել նրանց, եթե խախտումները կրկնվեն: Բացի դրանից, կառավարությունը կսկսի օդանավակայաններում տեխնոլոգիաներ թեստավորել ոչ թռիչքային գոտի մտնող դրոնների դեմ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: