«Չի կարելի միսը սառցարանից հանել, կտրել, հետո նորից դնել սառցարան». մասնագետի խորհուրդները
Ամանորյա տոներից առաջ շատերը շտապում են մսամթերք գնել և պահել սառցախցիկում, քանի որ մտավախություն ունեն, որ տոնական օրերին այն կթանկանա։ Այս պարագայում շատ կարևոր է հալեցման պրոցեսը, որպեսզի միսը չկորցնի օգտակար հատկությունները։ 168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը նախ ասաց, որ մսամթերքի ձեռքբերման և պահպանման ժամանակ սպառողները պետք է զգոն լինեն։
«Կենդանական ծագում ունեցող մթերքների համար կարևոր նշանակություն ունի առաջին հերթին՝ պահպանման ջերմային ռեժիմը, և եթե մսամթերքը որոշել ենք սառցախցիկներում երկար պահպանել, ապա հետհալեցման գործընթացն ունի հստակ կանոններ։ Սա շեշտում եմ, որովհետև մի շարք քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ միսը նախատոնական օրերին թանկանում է, նախապես են ձեռք բերում ու երկար ժամանակ պահպանում են, մարդիկ կան, որ դեկտեմբերից սկզբից արդեն խոզի ազդրամիս են ձեռք բերում կամ մեկ ամիս պահպանում են տավարի միսը սառցախցիկում»,- ասաց մասնագետը՝ ընդգծելով, որ սառցախցկից հանելուց հետո մսամթերքը պետք է նախ տեղափոխել սառնարան։
«Սառնարանում ցածր ջերմաստիճան է, իսկ տանը՝ +20-ից բարձր։ Եթե սպառողը, օրինակ, սառնարանում դնելու տեղ չունի, ապա կարևոր է տեղափոխել ցածր ջերմաստիճան, հիմա դրսում էլ է ցածր ջերմաստիճան, հետո նոր տեղափոխել սենյակային ջերմաստիճան։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք, որ խորը սառեցումից հետո երբ հալեցնում ենք, ժողովրդի ասած՝ արնաջուրն ու դրանում պարունակվող նյութերը սկսում են դուրս գալ, և այս առումով շատ կարևոր է, որքան հնարավոր է՝ շատ պահպանել մսամթերքի օգտակարությունը, և ավելին՝ շատ կարևոր է, որ հետհալեցման ժամանակ հետևենք անվտանգության կանոններին, որովհետև միկրոֆլորայի զարգացման համար հիանալի պայմաններ են ստեղծվում»,- ասաց Դավիթ Պիպոյանը։
Նա ընդգծեց, որ, եթե սառցախցիկում միևնույն ժամանակ պահվում է մի քանի մթերք, օրինակ՝ մսամթերք և կարագ, ապա պետք է դրանք լինեն հերմետիկ փակվող տարաներում կամ տոպրակներում.
«Եթե սառցախցիկի միկրոֆլորան հպված լինի կարագի հետ, իսկ հետո այն օգտագործեք, ապա այդ միկրոօրգանիզմները կներթափանցեն նաև ձեր օրգանիզմ։ Նույնը վերաբերում է նաև պատրաստի մթերքներին, օրինակ՝ նրբաբլիթ և իշլի-քուֆթա, շատ կարևոր է, որ կոնկրետ սառցախցիկից հանեք այն չափաբաժիններով, որն օգտագործելու եք։ Այսինքն՝ շատ ավելի ճիշտ կլինի, որ նախապես փոքրիկ տոպրակների մեջ դնեք, որպեսզի ոչ թե ամբողջությամբ հանեք, հետո նորից տեղակայեք սառցախցիկ, այլ կոնկրետ այն քանակը, որ ձեզ պետք է գալու։ Սա նաև մսին է վերաբերում, որովհետև չի կարելի միսը սառցարանից հանել, կտրել, հետո նորից դնել սառցարան, պետք է ի սկզբանե մասնատել, դնել սառցարան»։