«Այնպիսի տպավորություն է, որ ընդամենը Քոչարյանի խնդիրն է ինչ-որ նշանակություն ունեցողը». Մանվել Սարգսյան

«Տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, միայն գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի վերաբերյալ հայտարարությունն է, որ ժամանակ դեռ կա որոշման հանգելու։ Թե դա ինչ է նշանակում, ինչ խնդիր կա այնտեղ, պարզ չէ։ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ կոնկրետ խնդիրներ չեն քննարկվել, ռազմավարությունը քննարկում են, բայց թե դա կոնկրետ ինչ է նշանակում, դժվար է ասել, թե որն են խնդիրները։ Այնպիսի տպավորություն է, որ ընդամենը Քոչարյանի խնդիրն է ինչ-որ նշանակություն ունեցողը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի արդյունքներին։

Ըստ նրա՝ գուցե Ռուսաստանի համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն էական է՝ թույլ չտալու համար հետխորհրդային տարածքում նման ինչ-որ նախադեպ, որովհետև դա նշանակություն ունի ավտորիտար բոլոր պետությունների համար. «Զարմանալի չի լինի, որ միակ լուրջ թեման դա է եղել»։

Մ.Սարգսյանի կարծիքով՝ գազի գնի հարցում համաձայնության ձգձգումը նույնպես, հնարավոր է՝ այս խնդրի հետ է առնչվում, այսինքն՝ Վլադիմիր Պուտինը պայմաններ է առաջադրում՝ Քոչարյանի հետ կապված։

Նա նշեց, որ ոչ մեկ անգամ ռուսական կողմից հայտարարություններ են հնչում, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում պահելն անիմաստ է, սակայն գործնականում որևէ քայլ չի արվում, և Փաշինյանի այցից հետո էլ այս հարցում լռություն է, ու ենթադրություններ անելը դժվար է։ Նրա խոսքով՝ Արցախի հարցում էլ որևէ նոր բան չկա։

Կարդացեք նաև

«Ինչ-որ բաներ հետագայում Փաշինյանը կասի կամ չի ասի, բայց տվյալ պահին դժվար է գնահատել, Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ էական խնդիր չի քննարկվել»,- ասաց նա։

Թե հայ-ռուսական հարաբերությունները հետագայում ինչպե՞ս կզարգանան, Մ.Սարգսյանն այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ Նա մի նուրբ հանգամանք մատնանշեց՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկելու ոչ մի նոր բան չունի.

«Մեր հարաբերությունների որակը պետք է փոխվի։ Եթե նախկինում վասալային հարաբերությունները նորմա էին, այժմ կարծես ցանկություն կա դա փոխելու, գործընկերային հարաբերություններ ձևավորելու, Հայաստանն առաջարկներ պետք է անի։ Ռուսաստանը սովոր չէ որևէ բան առաջարկելու, ոչ էլ առաջարկելու բան ունի, բայց եթե Հայաստանի կողմից շփման նոր մեխանիզմներ առաջարկվեն, կարող է այդ հարաբերություններում փոփոխություններ տեսնենք։ Ես չգիտեմ՝ այստեղից որևէ բան առաջարկվե՞լ է կամ առաջարկվո՞ւմ է։ Չեմ տեսնում դա»։

Մ.Սարգսյանի կարծիքով՝ ներքին գործերին չմիջամտելու հայտարարություններն ընդամենը խոսքեր են, բայց թե ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ պայմանագրեր պետք է կնքվեն, ի՞նչ կարող է փոխվել, դա դեռ պարզ չէ.

«Պետք է շատ հստակ առաջարկներ լինեն, որ համոզեն Ռուսաստանին, որ կարելի է այլ կերպ հարաբերվել»։

Հարցին՝ արդյոք հայկական կողմը սխա՞լ է գործում, Մ.Սարգսյանը հարցադրումով պատասխանեց. «Կարծում եք՝ Հայաստանին հե՞շտ է առաջարկել։ Աննախադեպ վիճակ է, Հայաստանը երբևէ որևէ առաջարկ չի արել, 27 տարի գնում էր Մոսկվա, իրեն ասվում էր՝ այսպես է ու այսպես։ Որոշումներ ընդունելու մեխանիզմն այդպիսին էր, և Մոսկվայի համար ձեռնտու էր՝ ինչ ուզում եք՝ արեք, բայց որոշումները մենք ենք ընդունում։ Այստեղ է խնդիրը։

Այժմ եթե Երևանը որոշել է որոշումները Երևանում ընդունել, դա Ռուսաստանի համար բավականին խնդիրներ է ստեղծում, իրենք սովոր չեն նման բաների։ Եվ իրենք ամեն կերպ կփորձեն ինչ-որ ձևերով՝ գազի գին, Քոչարյան, Խաչատուրով, բերել, վերադարձնել հնին, որ իրենք որոշումներն ընդունեն, այստեղ կատարեն։ Ինչպե՞ս է դա փոխվելու, սա է խնդիրը։ Ես չեմ կարծում, որ իրենք դրա պատասխանն ունեն, բայց լուծումներ պետք է գտնել ու գնալ այդ ուղղությամբ, եթե չենք ուզում նորից հնին վերադառնալ, երբ երեսիդ թքում են, ու հանգիստ նստում ես»։

Մ.Սարգսյանը նշեց, որ կյանքը ցույց կտա՝ Փաշինյանին ինչ և ինչքանով կհաջողվի. «Պետք է մտածել, բարդ վիճակ է»։

Տեսանյութեր

Լրահոս