Բաժիններ՝

Ինչպես տոնական օրերին խուսափել թունավորումներից. Թագուհի Ստեփանյան

Տոնական օրերին Երևանի շտապօգնությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Շտապօգնության ծառայությունը պատրաստ է ամբողջովին իրականացնելու իր գործառույթները։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ անհրաժեշտության դեպքում անպայման դիմեն շտապօգնության ծառայությանը։ Չնայած մեր սպասարկող անձնակազմի ավելացմանը, գոյություն ունեն պիկ ժամեր, որ ստանում ենք բավականին մեծ թվով զանգեր, և այնպես պետք է անենք, որ բոլոր կանչերի հետևից գնանք»,- ասաց Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 23-ին շտապօգնությունն ունեցել է առավելագույն կանչերի թիվ՝ 792, սակայն հիվանդանոց է տեղափոխվել հիվանդների 10-15 տոկոսը։

«Որոշ մասով կա խնդիր, որ հիվանդները չեն դիմում իրենց պոլիկլինիկաներին և ընտանեկան բժիշկներին, հատկապես, որ այսօր քաղաքապետարանի առողջապահության վարչությունը կազմակերպել է հերթապահություն։ Ընդհանրապես շտապօգնության կանչերի առաջին տեղում սիրտ-անոթային, այնուհետև՝ սուր շնչառական  հիվանդություններն են և վնասվածքները»,- նշեց Թ. Ստեփանյանը և քրոնիկ հիվանդներին հորդորեց ամեն օր ընդունեն իրենց դեղորայքը, որպեսզի խուսափեն քրոնիկ հիվանդությունների սրացումից։

Կարդացեք նաև

Թունավորումներից խուսափելու համար Թագուհի Ստեփանյանը խորհորդ տվեց չուտել երկար պահպանված սնունդը, օգտագործել թեթև սնունդ և քիչ քանակով որակյալ որգելից խմիչք:

«Չնայած սննդային թունավորումները վերջին շրջանում քիչ են լինում, հավանաբար մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել»,- ասաց Թ. Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները շատ են բողոքում  շտապօգնության կանչերի ուշացումից և բժիշկների անտարբերությունից, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ գուցե չեն կարող բացառել որոշ բացասական երևույթներ, բայց դրան զուգահեռ՝ քաղաքացիներից ստանում են նաև շտապօգնության տարբեր բժիշկներին  ուղղված շնորհակալության նամակներ։

«Չեմ պատկերացնում, թե ինչու բժիշկը պետք է անտարբեր լինի, երբ գնում է կանչի հետևից։ Ինչ վերաբերում է շտապօգնության ուշացմանը, ապա սա այն բանի հետևանք է, որ անհետաձգելի կանչերի թիվը մեծ է, քանի որ կան երկրորդական շատ կանչեր։

Այն չափորոշիչը, որ շտապօգնությունը հիվանդի մոտ պետք է հասնի 15 րոպեում, սա այն ժամանակ կարող է լինել, երբ մարդու կյանքին իսկապես վտանգ է սպառնում՝ ինսուլտի, ինֆարկտի, երեխայի մոտ բարձր ջերմության, վթարների, արյունահոսությունների դեպքում։ Մյուս՝ ատամնացավի, գլխացավի դեպքերում շտապօգնությունը պարտավոր չէ 15 րոպեում հասնել հիվանդի մոտ։ Այսօր կանչի մերժման տարբերակն այլևս չկա»,- ընդգծեց Թագուհի Ստեփանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին շտապօգնության ծառայությունում աշխատում է 36 բրիգադ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս