Կառավարության կազմը՝ Ամանորից հետո. Թևան Պողոսյանն ակտիվ մասնակցում է թրեյնինգին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը` նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել. մոտ 10 օրն առաջ եւս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թեւան Պողոսյանը:
Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ։ «Առանձնապես` ոչինչ. ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ընթացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամավորների պարտականություններին։ Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցել»:
Դուք կարծես ՔՊ հիմնադիր անդամ եք. մասնակցո՞ւմ եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լինում։ «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում` կադրային հարցեր»:
Կառավարության կազմը մինչեւ Ամանոր կհրապարակվի՞։ «Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ` թերեւս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»: Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք. սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է։ «Ժերեբյովկան եւս կլինի ամսի 8-ից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: