
Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը վերսկսեց աշխատանքը Սիրիայում

Սիրիայում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, որը 2012 թվականին դադարեցրել էր աշխատանքը երկրում սկսված ճգնաժամի պատճառով, վերսկսել է աշխատանքը Դամասկոսում: Այդ մասին հայտնել է Էմիրությունների WAM պետական գործակալությունը:
«ԱԳ նախարարությունը հայտարարում է, որ Դամասկոսում վերսկսված է ԱՄԷ-ի դեսպանության աշխատանքը: Գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօրվանից սկսել է աշխատել եղբայրական Սիրիայի Արաբական Հանրապետությունում դեսպանության շենքում»,-ասված է հայտարարության մեջ:
ԱՄԷ-ի ԱԳՆ-ում հավելել են, որ այդ քայլը համարում են «եղբայրական երկրների միջեւ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու» եւ «ՍԱՀ-ի անկախությանն ու ինքնիշխանությանը, նրա տարածքային միասնությանը, տարածաշրջանի անվտանգությանն աջակցելու», ինչպես նաեւ Սիրիայի եւ արաբական գործերին միջամտության սպառնալիքի կանխմանն օգնելու ցանկության վերահաստատումը:
Ինչպես հայտնել է Դամասկոսում ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ԱՄԷ-ի դրոշը բարձրացված է դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա: