Ընթացիկ տարում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է մոտ 12 %-ով
Արցախի Հանրապետությունում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է 197.6 մլրդ դրամ՝ ապահովելով 12,2% իրական աճ: ՀՆԱ-ի արձանագրած 12,2% հավելաճի տեմպի 6.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը (որի ավելի քան 5 տոկոսային կետը՝ հանքարդյունաբերությունը, մոտ 1.7 տոկոսային կետը՝ էներգետիկան), 4.3 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: «Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թ․ 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե հավասարվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին: Ընթացիկ տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է` 11.7%-ով»,-նշել է նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2019 թ․սկսած ավելի կբարելավվի գործարար միջավայրը և կթեթևանա փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային բեռը՝ Ստեփանակերտ քաղաքում արտոնագրային և հաստատագրված վճար վճարողներինը՝ 50%-ով, իսկ շրջաններում՝ 70%-ով։ Այս արտոնությունից կօգտվեն հանրապետության հարկատուների ավելի քան 30%-ը։
«2018 թ․ ընթացքում գրանցվել են 1249 նոր սուբյեկտներ, որոնցից գործունեություն են ծավալում 716-ը: Լուծարվել է 75 սուբյեկտ: Ընդհանուր առմամբ ԱՀ-ում հարկատուների թիվը կազմում է ավելի քան 5800: Հանրապետությունում վարձու միջին ամսական աշխատողների թիվը տարեսկզբին կազմում էր 38 209, որը տարվա ընթացքում ավելացել է 1 200-ով՝ կազմելով 39 407 մարդ»,-նշել է նա: