«Այսօր առավոտյան ուսումնական հաստատություններից մեկի հոսանքի կաբելը փչացել է, եկել են նախարարություն». ԿԳ փոխնախարար

«Մայիսին, երբ այս փոփոխությունները տեղի ունեցան, ժառանգեցինք բավականին մեծ խնդիրներով համակարգ։ Անելիքները շատ էին, և ոչ ամբողջական ծավալով հասցրեցինք դրանք անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

Տարվա ձեռքբերումներից մեկը նա համարեց կրթության ոլորտի ապաքաղաքականացմանն ուղղված քայլերը. «Ապաքաղաքականացման պրոցեսը սկսվեց, չենք կարող ասել, թե ամբողջությամբ ավարտվել է, բայց այդտեղ մեծ ձեռքբերումներ կան։ Բայց այստեղ խնդիրը նաև մշակութային դաշտում է, որովհետև մարդիկ տարիներ շարունակ սովորել էին այլ մշակութային համակարգի մեջ, և եղան դեպքեր, երբ նույնիսկ որոշակի հանրահավաքներից առաջ զանգահարում էին, ասում էին՝ ավտոբուս ենք վարձել, մարդկանց պետք է բերենք միտինգի։ Իհարկե, կտրուկ պատասխան էին ստանում նման դեպքերում, բայց ղեկավար օղակներից շատերը չէին ընկալում, որ նոր մշակութային դաշտում են գործում, և նոր մոտեցումների հետ գործ ունենք»։

Նրա խոսքով՝ թեև ուսումնական հաստատությունների ղեկավարներն ունեն բավականին ազատություն ունեն իրենց գործունեության մեջ, սակայն ոչ բոլոր դեպքերում են նախաձեռնողականություն ցուցաբերում և ոչ բոլոր դեպքերում են պատրաստ փոփոխությունների. «Այսինքն՝ շատ հարցերում, որոնք գտնվում են ուսումնասկան հաստատությունների դաշտում, նրանք ակնկալում են կառավարության կողմից արվող գործողություններ։ Շատ պարզ հարց ասեմ, որ այսօր առավոտյան է եղել. ուսումնական հաստատություններից մեկի հոսանքի կաբելը փչացել է, եկել են նախարարություն»։

Փոխնախարարն ընդգծեց, որ բուհերի մոտ նախաձեռնողականությունը պակասում է, շարունակում են իներցիայով առաջ գնալ. «Կա նախաձեռնողականություն՝ կա հաջողություն, չկա նախաձեռնողականություն՝ չկա հաջողություն»։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ օրական 5-6 հարյուր նամակ-բողոք են ստացել. «Դրանցից շատերն իրավական հարցեր էին, որոնք նախարարության լիազորությունների շրջանակներում չէին, շատ հարցեր լուծում գտան, բայց անելիքները դեռ շատ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս