Բաժիններ՝

2019թ. Շիրակում կարտոֆիլի և բանջարեղենի նվազում է կանխատեսվում

2019թ. Շիրակում հացահատիկի համախառն բերքի կանխատեսվող աճը պայմանավորված է 2018 թ. հացահատիկի միջին բերքի բարձր ցուցանիշով, մինչդեռ կարտոֆիլի և բանջարեղենի համախառն բերքի կանխատեսվող նվազումը՝ ցանքերի ֆիզիկական ծավալների կրճատմամբ: Թեև 2017թ. համեմատ մարզում ցանքատարածությունների նվազում է արձանագրվել, սակայն տարին լավ էր այգիների ու նոր մշակաբույսերի մշակման առումով:

2018 թվականին մարզում հիմնվել է ժամանակակից տեխնոլոգիաներով 7 հա ինտենսիվ այգի` Գյումրի և Կապս բնակավայրում, իսկ Ոսկեհասկ, Գուսանագյուղ գյուղերում հիմնվել է 6 հա պտղատու այգի:

Շիրակի մարզպետարանում կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ ամփոփելով տարին՝ այս մասին նշել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ 2018 թ. բերքի տակ կատարվել է 10 տ սուպեր էլիտային աշնանացան ցորենի սերմացուի ցանք:

«Գարնանացանի համար մարզին հատկացվել է 583.51 տ գարնանացան գարու, 147.3 տ կորնգանի, 3 տ առվույտի, 11.2 տ գարնանացան ցորենի և 0.56 տ եգիպտացորենի, 0.28 տ սիսեռի և 0.05 տ ոլոռի սերմացու: Արձանագրվել է նոր մշակաբույսերի մշակության պրակտիկա. կտավատ՝ 92 հա, ոլոռ՝ 38 հա, սիսեռ՝ 28 հա, ոսպ՝ 47 հա, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերինը»,-նշեց պատասխանատուն:

Ըստ «Արմենպրեսի»՝ 2018 թվականին Հայկավանում հիմնվել են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով հատապտղատու այգիներ և բանջարանոցներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նորոգվում է Անուշավան համայնքի ոռոգման համակարգի 800 մետր երկարությամբ հատված: Ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցման աշխատանքների իրականացման համար նախատեսված է 18 մլն դրամ, որը համատեղ հատկացնելու են համայնքն ու պետությունը:

Ոռոգման ցանցի հողային աշխատանքներն արդեն ավարտված են, փորված խրամատներում պլաստիկ խողովակներ են տեղադրվում, կատարվում են միացումներ: Ծրագրի իրականացման արդյունքում 400 տնտեսություն կկարողանա ոռոգել հողերը, 50 հա-ով կավելանա ոռոգելի հողերի տարածքը:

Ամասիա համայնքում հիմնվել է բրդի վերամշակման արտադրամաս: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում պետական բյուջեից տրամադրված միջոցներից 20 միլիոն 973 հազար դրամ գումար է նախատեսվել Ամասիայի բրդի վերամշակման արտադրամասի հիմնանորոգման և որպես արտադրամաս հարմարեցնելու համար: Շուրջ 400 քառակուսի մետր մակերեսով շինության նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Բրդի վերամշակման ծրագրի իրականացումը նպաստելու է Ամասիայում աշխատատեղերի ստեղծմանը, համայնքի 10 բնակավայրում բրդի վերամշակման ողջ արժեշղթայի զարգացմանը: Նախատեսվում են կարպետագործության զարգացում, բրդյա արտադրանքի հետ կապված ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների գործունեության խթանում։

Մարզում գործում են 89 հակակարկտային կայանք, որոնցից 2-ը տեղադրվել են 2018 թ. Լուսակերտ համայնքում: Անցնող տարում բնական աղետների հետևանքով տուժել են մարզի 38 համայնքների գյուղատնտեսական նշանակության շուրջ 5200 հա ցանքատարածություններ, վնասի չափը կազմել է մոտ 3.092 մլրդ դրամ:

Վնասի գնահատման համապատասխան փաթեթները ամփոփվել և ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս