
Սաստիկ ձյունը տրանսպորտային կոլապս է առաջացրել Ուկրաինայի հինգ մարզերում

Դեկտեմբերի 25-ին սկսված ձնատեղումներն ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարությունների են հանգեցրել Ուկրաինայի հինգ մարզերում, փրկարարներն օգնում են քարշակել լռված փոխադրամիջոցները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։
«Վատ եղանակի պատճառով փրկարարներն օգնել են քարշակել 650 փոխադրամիջոց, որոնցում եղել է շուրջ հազար 500 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Փրկարարների տվյալներով՝ երթեւեկությունն առանձնապես դժվարացած է Պոլտավայի մարզում: 20 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել Պոլտավայի մարզի Կիեւ – Խարկով – Դովժանսկի Մ-03-ի հատվածներից մեկում:
Ձյան տեղումների պատճառով ճանապարհներին ավելացել է վթարների քանակը: Ոստիկանության տվյալներով՝ վերջին մեկ օրում միայն Կիեւում ավելի քան 100 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Բարդ եղանակային պայմանները նաեւ շուրջ 500 բնակավայրերի էլեկտրամատակարարման անջատման պատճառ են դարձել տասը մարզերում՝ Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Խարկովի, Չերկասիի, Սումիի, Դոնեցկի, Չեռնիգովի եւ Նիկոլաեւի մարզերում:
Ուկրանիայի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ շաբաթվա վերջն Ուկրաինայի տարածքի մեծ մասում սպասվում են ձնահողմեր, քամու սաստիկ պոռթկումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: