Տղան զանգահարել է հարցնելու՝ որտեղ է Սանտա Քլաուսը: Նրան պատասխանել է Թրամփը. «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»
«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտա Քլաուսին: Ընդհանրապես յոթ տարեկանում արդեն բոլոր չէ, որ հավատում են»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս խոսքերն է ասել հեռախոսազրույցի ժամանակ, որի վկաները դարձել են լրագրողները, տեղեկացնում է BBC-ին: Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, մասնակցել են «NORAD-ը հետեւում է Սանտային» ակցիային, երբ տարբեր մեդիա-կապուղիներով, սոցցանցերում եւ հատուկ կայքում հաղորդվում է մտացածին երթուղու մասին, որով Սուրբծննդյան պապիկը թռչում է Հյուսիսային բեւեռից:
Ծրագրին մասնակցում են բազմաթիվ կամավորներ, որոնք զանգեր են ընդունում երեխաներից, զանգերի մի մասն ստացվել է նաեւ Սպիտակ տանը, որտեղ երեխաների հետ խոսել են նախագահը եւ նրա կինը: Ավանդույթը, որի համաձայն զինվորականները երեխաներին պատմում են Սանտա Քլաուսի տեղափոխությունների մասին, 1955 թվականին ծնվել է ԱՄՆ-ում եւ Կանադայում, երբ Սանտա Քլաուսին փնտրող երեխաները պատահաբար Կոլորադո-Սփրինգսում գտնվող զինվորական հրամանատարության կենտրոն են զանգահարել տեղական թերթում տեղ գտած սխալ հեռախոսահամարի պատճառով:
Նույն այդ երեկոյան ԱՄՆ-ի զինված ուժերի գնդապետ Հարրի Շուփը խոսափողը կախելու փոխարեն օպերատորներին կարգադրել է հետեւել Սանտայի մասին տեղեկատվությանը եւ այն տրամադրել այդ համարով զանգահարող յուրաքանչյուր երեխայի: Սանտայի ճանապարհորդությանը չեն դադարել հետեւել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփի եւ դեմոկրատների կոնֆլիկտի պատճառով կառավարությունը դադարեցրել է աշխատանքը: