«Մշակութային կառույցներում PR փաթեթների մշակումը և գրագետ իրականացումը կնպաստի այցելուների, հանդիսատեսի թվի ավելացմանը». Վահագն Զաքարյան
Օրերս «Զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար մասնագիտական զարգացման և գիտելիքների խորացման ծրագրի» շրջանակում Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վահագն Զաքարյանը:
Ներկայացվեց «Հանրային կապերը հոգևոր-մշակութային ոլորտում․ PR-ի դերն ու կիրառության ձևերը թանգարանային գործում թեմայով» զեկույցը:
Վ.Զաքարյանի կողմից հատուկ կարևորություն տրվեց մշակութային հաստատություններում հանրային կապերի բաժանմունքների ստեղծմանն ու գործունեությանը՝ մատնանշելով դրանց համակարգված և բազմաֆունկցիոնալ աշխատանքի անհրաժեշտությունը:
Բանախոսը ներկայացրեց օրինակներ հոգևոր-մշակութային ոլորտում կիրառվող միջազգային փորձից՝ կարևորելով դրանց տեղայնացումը, առաջադրելով մասնավոր խնդիրներ:
Վ. Զաքարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեր մշակութային կառույցների գործունեության առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ պետք է հատկացվի ժամանակակից մարքեթինգային պահանջներին համապատասխան PR փաթեթների մշակմանը, որի արդյունքում մշակութայինկառույցների համապատասխան ստորաբաժանումներին կտրվեն ուղղորդող գործողությունների ծրագրեր: Այս ամենի ճիշտ և գրագետ իրականացման արդյունքում, վստահեցնում եմ, որ հնարավոր է արձանագրել էական առաջընթաց այցելուների, հանդիսականների թվի ավելացման, որակական փոփոխություն տեղի կունենա նաև մատուցվող արտադրանքում, հաշվի կառնվեն բոլոր հնարավոր աշխատանքային գործիքները, որոնք կիրառվում են հանրային կապերն իրականացնող բաժիններում: Անչափ կարևոր է նաև համապատասխան մասնագետների առկայությունը և նրանց վերապատրաստման գործը: Ի վերջո հանրային կապերի բաժինների աշխատանքը լիարժեք է դառնում, երբ այս գործին ներգրաված են լինում բոլորը՝ մշակութային հաստատությունների
դռնապանից, հսկիչից, հանդերձապահից, զբոսավարից սկսած մինչև տնօրենը»:
Դասախոսության ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, ներկաներն իրենց հարցերը ուղղեցին բանախոսին:
Տեղեկացնենք, որ «Զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար մասնագիտական զարգացման և գիտելիքների խորացման ծրագիրն» իրականացվում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
Մինչև տարեվերջ Մատենադարանում նախատեսված է կազմակերպել 50 դասախոսություն: Դրանք ընդգրկում են ինչպես հումանիտար եւ բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում և պահպանում: