«Չնայած Բելառուսի որոշմանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատման հարցը կհետաձգվի». Եվսեև

«Ղարաբաղյան հակամարտության գոտում վտանգը չեզոքացած չէ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ուղղությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերին:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ Զասի նշանակումը, ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:

Նշվում է նաև, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Զասը հույս է հայտնել, որ առնվազն 2019 -ի սկզբին կանցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով  հարցին, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Բելառուսի թեկնածուին Երևանում, նշեց, որ, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չեն գտնում։

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար ինքն է որոշում՝ ինչպիսի որոշումներ ընդունել: Կարևորը, ըստ նրա՝ այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են անդամ բոլոր երկրների համաձայնության պայմաններում, թեև Բելառուսի նախագահն առաջնորդվում է այլ սկզբունքներով:

«Այս ողջ ընթացքում, երբ Հայաստանը ետ է կանչել իր ներկայացուցչին, քարտուղար չի նշանակվում, քանի որ չկա կոնսենսուս և չի նշանակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի այս հարցում բոլոր երկրների համաձայնությունը:

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում, բավականին բարդ հարաբերություններ՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, որոնց մեկնարկը տրվեց Յուրի Խաչատուրովի ետկանչով:

Չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Այդ հարցն առաջիկայում կքննարկվի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քայլը այս հարցի հրատապությունն էապես բարձրանում է: Վերջին բոլոր մեկնաբանություններից երևում է, որ կողմերից որևէ մեկը չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իրերի դրությունը չի կարող փոխվել: Թեև նկատի ունենալով գործընկերային հարաբերությունները և հետագայում ևս միասին աշխատելու հեռանկարը՝ պետք է զիջումներ անել»,- նկատեց Վլադիմիր Եվսեևը:

Ըստ նրա` զիջումներ անելու դրդապատճառներ ունեն՝ ինչպես Բելառուսը, այնպես էլ՝ Հայաստանը:

«Հայաստանի դեպքում անվտանգության երաշխավորությունն է Ռուսաստանի կողմից, սպառազինությունը ներքին գներով, խորը ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանը պետք է հաշվի առնի այս ոլորտում Ռուսաստանի հետ լուրջ բազան՝ հասկանալով, որ կա չկարգավորված ԼՂ հակամարտություն, որի գոտում սպառնալիքը վերացած չէ, և կան բազում մարտահրավերներ:

Ցանկացած պահի այս գոտում կարող է անկայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը` շեշտելով, որ հարցի  շուրջ որոշման կայացումը կհետաձգվի:

Տեսանյութեր

Լրահոս