«Առանց սփյուռքի՝ հայ ժողովուրդը նույնիսկ շնչել չի կարողանա»
Կառավարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությունը:
«Փաշինյանի այս երկու որոշումները՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները Կրթության և գիտության նախարարությանը միավորելն ու Սփյուռքի նախարարությունը լուծարելը, սխալ եմ համարում: Հայն ուրիշ ազգերի նման չէ, 13 միլիոն հայություն կա, որից 10 միլիոնը սփյուռքահայ է: Առանց սփյուռքի՝ հայ ժողովուրդը նույնիսկ շնչել չի կարողանա: Իսկ առանց մշակույթի՝ հայ ազգը կմեռնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերջերս ՀՀ տեղափոխված հալեպահայ Հրայր Ագուլյանը:
Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, սիրիահայ Հրաչ Գալսահակյանն էլ նկատեց. «Սփյուռքի նախարարությունը ծառայում էր իշխողներին, քաղաքականացված էր, այն պետք էր ապաքաղաքականացնել: Որքան էլ լայն անուն է՝ սփյուռք, բայց ծառայում էր որոշ խմբակի: Սփյուռք-Հայաստան համաժողով պետք է լիներ, որովհետև քաղաքական կարիք էր, ղեկավարն իր ռեյտինգը պետք է բարձրացներ:
Մեզ հետ միայն քաղաքավարության մասով էին կապ հաստատում, տարին մեկ անգամ սփյուռքի նախարարը copy paste էր անում նամակն ու մեկ կոճակի սեղմումով ուղարկում էր՝ շնորհավորելով Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նաև հավատացնում էին, որ Հայաստանի վիճակը կլավանա: Բայց, փաստորեն, ո՛չ Հայաստանն առաջադիմեց, ո՛չ էլ մեր հարաբերությունները լավացան:
Հիմա հարցնում եք՝ Սփյուռքի նախարարությունը պետք է մնա՞, թե՞ ոչ: Ո՛չ, այս վիճակով չպետք է պահպանվի: ԱԳՆ-ի գերատեսչություններից թող լինի: Որովհետև սփյուռքի հետ կապ են պահպանում ԱԳՆ-ի միջոցով: Մյուս երկրներում այդպես է: Իսկ եթե պատճառաբանում են, թե մեծ սփյուռք ունենք, է՜, ավելի մեծ գերատեսչություն կստեղծենք նույն նախարարության մեջ:
Թե՛ Սփյուռքի նախարարությունից, թե՛ դեսպանատնից նույն հայտարարություններն ու տեղեկություններն էինք ստանում, ու հայտնի չէր, թե ո՞ր մեկին պետք է պատասխանեինք: Բարեբախտաբար, սովորական հայտարարություններ էին: Նույնիսկ չէին բացատրում, թե այդ հայտարարությունն ինչպե՞ս կարելի է իրականացնել: Հաճախ զանգում, խնդրում էինք բացատրել: Այս ամենն արվում էր վերջին վայրկյանին»:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Վանաձորում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ ասել է, որ Հայաստանում չկա այնպիսի նախարարություն, որը սփյուռքի հետ կապված խնդիրներով չզբաղվի: «Շատ դեպքերում մեկը մյուսից տեղյակ չեն, թե ով ինչ է անում: Օրինակ, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման գործը ցանկանում է իրականացնել Կրթության և գիտության նախարարությունը, իսկ դասագրքերը տալիս է Սփյուռքի նախարարությունը, և մեկը մյուսից ընդհանրապես տեղյակ չէ»:
Անի Կարապետյան