
«2016-2017 թթ. Հայաստանից արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են». Աշոտ Թավադյան

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
«2016 թվականից սկսած ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: 2016-2017 թթ. Հայաստանից արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են: 2017թ. Հայաստանի արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը: Սա ցույց է տալիս, որ միության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համակարգմանը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան ընդհանուր սահմանների բացակայությունը»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով ԵԱՏՄ-ն տնտեսական զարգացման հսկայական ներուժ ունի, և պետք է բոլոր ջանքերը ներդնի այդ ներուժի լիարժեք օգտագործման համար:
Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները: