Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում նվազել է
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2018-ի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա ժամանակի համեմատ շարունակաբար նվազել է: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա հունվարին եղել է 70 հազար 10, որը 2017-ի նույն ամսվա համեմատ նվազել է 13.1 տոկոսով: Այս տարվա փետրվարին Հայաստանում եղել է 69 հազար 476 գործազուրկ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 14 տոկոսով, այս տարվա մարտի ցուցանիշը կազմել է 68 հազար 777, որը 2017-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 14.9 տոկոսով։ Ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 68 հազար 633 գործազուրկ՝ նախորդ տարվա համեմատ 14.4 տոկոսով պակաս, այս տարվա մայիսի գործազուրկների թիվը կազմել է 68 հազար 717՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 13 տոկոսով պակաս:
2018-ի հունիսին գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 11.6 տոկոսով՝ կազմելով 77 հազար 402 մարդ, հուլիսին՝ 10.5 տոկոսով՝ կազմելով 76 հազար 38 մարդ: Իսկ օգոստոսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 74 հազար 948՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազելով 10.1 տոկոսով: