Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում:

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համաձայն՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք: 

Այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որի կողմերը պարտավորվում են չկիրառել  քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչնդոտների և սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցների ԱՀԿ բազային սկզբունքները:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ:

Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված  ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր,  հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ:

Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում /սառեցում/:  Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը: 

Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը:

Արդյունաբերական  ապրանքների մասով` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված  ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ դեղամիջոցներ, կուտակիչներ և տրիկոտաժե արտադրանք:

Տեսանյութեր

Լրահոս