Բաքուն փորձում է վերաձևակերպել Երևանի բանակցային օրակարգը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ադրբեջանական կողմի լավատեսական «նոտաները»՝ ուղղված ՀՀ իշխանություններին և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, շարունակում են ուշադրություն գրավել։
Այս փաստը զարմանալի է հատկապես նրանով, որ երկու տասնամյակից ավելի ամենատարբեր մակարդակներում վստահության մթնոլորտ ձևավորելու փորձերը կողմերի միջև ապարդյուն են անցել: Ավելին՝ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր սրել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ սպառնալով անգամ Երևանը գրավելու անհրաժեշտության մասին։ Սակայն ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական բուռն իրադարձություններից և իշխանության փոփոխությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է:
Հակամարտող երկրների ղեկավարների առաջին ոչ պաշտոնական, շատերի բնորոշմամբ՝ «ոտքի վրա» հանդիպումը Դուշանբեում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերելու առիթ դարձավ՝ սահմանագծում լարվածության նվազման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգման, օպերատիվ ուղիղ կապ հայկական կողմերի և Ադրբեջանի միջև արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով։ Ավելին՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո ադրբեջանական և ռուսական կողմերը մի քանի անգամ արդեն լավատեսություն են հայտնել սպասվող բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հակամարտող երկրների ԱԳ նախարարները հանդիպել են երեք անգամ: Վերջինը Միլանում դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպումն էր, որտեղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ՝ կողմերը հասել են «փոխընմբռնման»: «Կարծում եմ, որ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ մենք երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- դիվանագիտական կորպուսի ղեկավարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը Ադրբեջանի համար մնում է 2019թ. համար մեկ առաջնահերթություն:
Մամեդյարովի այս հայտարարությունը Հայաստանում լուրջ քննարկումների տեղիք է տվել: Մեկնաբանելով Մամեդյարովի խոսքերը՝ ՀՀ ԱԳՆ-ն ասել է, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ-ի կողմից, և, մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ՝ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
«Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ, երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- նշել է նախարարության մամլո բաժինը՝ խոսելով հայտարարության կարևորության մասին։ Ամփոփելով՝ ՀՀ ԱԳՆ-ն նկատել է, որ նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում «ո՛չ կոնֆրոնտացիոն, ո՛չ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»:
Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ գործընթացը փակ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Ըստ նրա, կան որոշակի հիմքեր, որոնց վրա կառուցվել է այս լավատեսությունը։ Մալաշենկոյի խոսքով՝ գուցե այդ հիմքերը պարզապես ակնկալիքներ են կամ հստակ պայմանավորվածություններ, ինչը դժվար է հստակ իմանալ։
«Ուրախացնում է, որ կա գործընթաց, ակնհայտորեն ինչ-որ բան հակամարտության գոտում տեղից փորձում է շարժվել, ադրբեջանական կողմը բավականին ոգևորված է և մի շարք դրական քայլեր է իրականացնում, զորքեր է տեղաշարժում, դրական հայտարարություններով է հանդես գալիս։
Բայց Երևանի դիրքորոշումն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Երևանը հայտարարեց բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին կես տարի առաջ, թվում էր, որ դա ՀՀ իշխանությունների առաջնահերթությունն է, առանց որի՝ բանակցություններ տեղի չեն ունենալու, սակայն ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է վերաձևակերպել հայաստանյան օրակարգը՝ դրանից դուրս բերելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում Արևմուտքն ուներ իր դերակատարությունը, և փորձելով վերացնել նաև Արցախի բանակցություններին մասնակցելու հեռանկարը։ Իսկ Երևանը դեռ ժամանակ է շահում, քանի դեռ լուրջ թեմաներին անդրադարձ չի կատարվել։
Բայց Արցախի մասնակցության հարցն ամենակարևորներից է, քանի որ Երևան-Բաքու տարաձայնությունը կարգավորման շուրջ վերաբերելու է հենց Արցախի կարգավիճակի շուրջ որոշման կայացման հարցին, ինչն առանց Արցախի մասնակցության՝ չի կարող տեղի ունենալ։ Ադրբեջանը հստակ հասկանում է այս հեռանկարը, հենց այդ պատճառով իր ընդառաջ քայլերով փորձում է դրանք չեզոքացնել»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն։
Ռուս փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը՝ որպես գլխավոր և ազդեցություն ունեցող միջնորդ երկիր, շարունակելու է ակտիվորեն լինել իր դերում, որը Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության ամենակարևոր բաղադրիչներից է։ Ըստ նրա՝ Ռուսաստանն ադրբեջանական կողմի դիրքորոշումը կառուցողական է որակում, քանի որ նկատելի է, որ քայլեր են արվում Հայաստանին ընդառաջ, կա բանակցելու ցանկություն։
«Ներկայիս իրողությունները դրանք են, Ռուսաստանն այն արձանագրում է»,- ասաց Մալաշենկոն։
Խոսելով կարգավորման ռուսական պլանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնազերծումների մասին, Մալաշենկոն ասաց, որ Արևմուտքը, մասնակվորապես՝ ԱՄՆ համանախագահները, բազմիցս ասել են, որ կան տարբեր պլաններ։
«Կարծում եմ՝ այդ պլաններից բոլոր համանախագահները տեղյակ են և կողջունեն, եթե դրանցից մեկի շուրջ փոխըմբռնում գտնեն կողմերը»,- նկատեց Մալաշենկոն։
Եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտն իր հերթին՝ ասաց, որ դրական է, եթե 2019 թվականին հնարավոր լինի բոլոր կողմերին գոհացնող գործընթացի արդյունքում լուծել ԼՂ հակամարտության հարցը։
«Արևմուտքը սա դիտարկում է՝ որպես տարածաշրջանի զարգացումը սահմանափակող գործոն, և ՀՀ-ում Բոլթոնը հստակ կոչ արեց լուծել հակամարտությունը՝ ազատվելով արտաքին ուժերի լծակներից։ Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, և ներկայումս ինչ է տեղի ունենում։ Իսկ դա այդքան էլ հասկանալի չէ, քանի որ դժվար է պատկերացնել, որ մեկ հանդիպմամբ կողմերը կարողանում են ավելի շատ պայմանավորվածություններ ձեռք բերել, քան նախկինում հանդիպելով տարիներ շարունակ։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կան արագացված քայլեր՝ հայկական կողմի դիրքորոշման վրա ազդելու նպատակով։ Ակնհայտ է նաև, որ այդ աշխատանքը տարվելու է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը դեռ այս ամենին պատասխանողի, արձագանքողի դերում է։ Կարծում եմ՝ հաջորդ տարի Ադրբեջանի գերազանցված սպասումները փոքր-ինչ մեղմվելու են»,- ասաց նա։