Քարոզարշավի ժամանակ ընտրապայքարին մասնակցող ուժերից ով ում մասին բացասական արտահայտվեց

Ռեգիոն հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» հետազոտության արդյունքներին, նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 24 տարբեր խնդիրների, որոնց ժամանակ 16-ում բացասական ձևով է հիշատակել Հանրապետական կուսակցությանը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին։

««Իմ քայլը» դաշինքը բացասական գնահատականներ է հնչեցրել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, անգամ՝ նորաստեղծ ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Մենք» դաշինքի հասցեին։ Մանրամասն գրավոր հաշվետվություն ենք պատրաստում  հունվարին, որտեղ հետաքրքրվողները կարող են այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալ»,- ասաց Լ. Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն իր բարձրաձայնած 18 խնդիրների ժամանակ բացասական է խոսել ինչպես՝ նոր կառավարության, այնպես էլ՝ «Սասնա ծռեր» կուսակցության, «Մենք» դաշինքի, ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Ազգային առաջընթաց» կուսակցության հասցեին։

ԲՀԿ-ն այս կամ այն ուժի հասցեին բացասական գնահատականներ քիչ է հնչեցրել, կուսակցությունը բացասական առումով հիշատակել է ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» կուսակցություններին, ՕԵԿ-ին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա վերջինս բացասական ձևով հիշատակել է վարչապետի պաշտնակատարին, ՀՀԿ-ին, «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բացասական է հիշատակել ԲՀԿ-ին, «Սասնա ծռեր», «Ազգային առաջընթաց» կուսակցություններին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին։

«Սասնա ծռերը» բացասական է խոսել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին։ Իսկ ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բացասաբար է անդրադարձել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ՀՀԿ-ին, «Իմ քայլը» դաշինքին, ինչպես նաև ՀՅԴ-ին։ «Մենք դաշինքը» բացասական է խոսել հիմնականում ՀՀԿ-ի մասին, այնուհետև՝ «Իմ քայլը» դաշինքի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին»»,- ընդգծեց Լ. Բաղդասարյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս քարոզարշավը մեծ հաշվով ուղղված էր ոչ թե լսարաններին, այլ՝ եղած ընտրազանգվածն ամրապնդելուն և չկորցնելուն։

Նշենք, որ «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» հետազոտությունն իրականացրել է Ռեգիոն հետազոտական կենտրոնը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ։ Հետազոտության շրջանակներում նոյեմբերի 1-ից մինչ օրս հետազոտել  են հայաստանյան օնլայն հարթակները՝ նկատի ունենալով ռեյտինգային 6 օնլայն ԶԼՄ, որոնք ամսվա կտրվածքով ունենում են մեծ դիտելիություն։ Հետազոտվել են նաև  ընտրություններում մրցակից քաղաքական ուժերի 22 ֆեյսբուքյան հարթակները, նախընտրական մրցակցության և քվեարկության օրվա դիսկուրս առանձնահատկությունները և այլն:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս