
«Կա քաղաքական որոշում՝ Մանվել Գրիգորյանին պահել պատանդի վիճակում և մահվան հասցնել». պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դատարանը կատարում է Հատուկ քննչական ծառայության պատվերը և երկարաձգում Մանվել Գրիգորյանի կալանքը:
«Մանվել Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուներն են ՀՔԾ-ն և Դատախազությունը: Եթե կալանքի որոշումը չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում՝ նրան պահել պատանդի վիճակում և մահվան հասցնել: Սա ընտրովի արդարադատություն է»,- ասաց նա։
«Մանվել Գրիգորյանին անօրինական կալանքի տակ պահելն այն աստիճանի է հասել, որ դրա մասին բարձրաձայնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ փաստելով, որ Գրիգորյանի մոտ առկա է առողջական և հոգեբանական բացասական դինամիկա»,- ընդգծեց նա։
Պաշտպանի խոսքով՝ կալանավորվելուց հետո Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է կախվածություն ինսուլինից. «Եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է և իր քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել։ Եթե Գրիգորյանը կատարել է հանցագործություն, ապա օրենքի ողջ խստությամբ թող ենթարկվի պատասխանատվության, բայց կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում, առերևույթ վնասը փոխհատուցելուց հետո ո՞րն է պատճառը՝ ծանր հիվանդությունների տեր մարդուն պահել կալանքի տակ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում