«Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում». ֆերմերները կոչ են անում արգելել թուրքական լոլիկը
Հայ ֆերմերներն ահազանգում են՝ Վրաստանով Հայաստան թուրքական լոլիկ է ներմուծվում, ու սա խանգարում է ֆերմերներին, ջերմոցատերերին, գյուղացուն:
«Այս հարցն այնքան եմ բարձրացրել, որ արդեն ամաչում եմ: Թուրքական լոլիկի խնդիրը միշտ եղել է Հայաստանում, և, եթե նախկինում երկու մեծ մեքենայով էին բերում, հիմա նաև մի քանի փոքր մեքենաներ են ավելացել: Այն ժամանակ ասում էին, թե նախագահի թիկնազորի պետն է բերում, բայց հիմա ավելի շատ են բերում, չգիտեմ, թե դա ինչի՞ց է: Թուրքիայից Հայաստան Վրաստանի միջոցով լոլիկ է մտնում, ու սա խանգարում է ֆերմերներին, ջերմոցատերերին, գյուղացուն: 5 օր առաջ հանդիպել ենք գյուղնախարարի պաշտոնակատարին, նա քայլեր ձեռնարկեց, որը տևեց երկու օր. գինը մի քիչ նորմալացավ, հետո նորից ամեն ինչ կրկնվեց: Թուրքական լոլիկը մոտ 200 դրամով էժան է, քան հայկականը: Եթե տեղականը 500 դրամ է, թուրքականը 400 կամ 350 դրամ է: Մենք խոսում ենք մեծածախ առևտրի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Սամվել Մկրտումյանի խոսքով՝ իրենք ոչ միայն գերշահույթ, այլ նույնիսկ շահույթ չեն կարողանում ապահովել:
«ՀՀ բնակչության 45 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, և այսօր մարդիկ չեն կարողանում շահույթ ապահովել, բնագավառում գոյատևել: Պաշտոնական տվյալներով՝ 1849 տոննա լոլիկ է ներկրվել Հայաստան: Ասում ենք՝ ընդամենը կարողացեք արգելել թուրքական ապրանքը: Մենք կարող ենք ապահովել բնակչությանը լոլիկով, իսկ գները կարող են զսպել՝ տեղական արտադրողների հետ մրցակցելով: Խոշորները թող կարողանան մեզ զսպել, եթե իսկապես չափը կանցնենք»,- նշեց Սամվել Մկրտումյանը:
Ֆերմերի խոսքով՝ ժողովրդին չեն ասում, թե ինչպիսի՞ լոլիկ է ներկրվում:
«Նախորդ օրը հանդիպել ենք գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, ով հավաստիացրել է, որ լոլիկը ստուգված է, ամեն ինչ նորմալ է: Հետո մեզ ասում է, թե՝ դուք գերշահույթ եք ապահովում: Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում: Գյուղատնտեսությունը ո՞նց կարող է գերշահույթ ապահովել: Բա մարդիկ ինչո՞ւ գնացին հյուրանոցներ սարքեցին, կգային արտադրությամբ կզբաղվեին: Հարգելինե՛րս, գործից տեղյակ մարդկանց ուղարկեք մեզ հետ զրուցելու, մենք խնդիր ունենք: Խնդրում ենք վարչապետին, որ բանիմաց մարդկանց նշանակի այս ոլորտներում: Ընդամենը արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը, ի՞նչ խնդիր դուք ունեք լոլիկի հետ»,- նկատեց Սամվել Մկրտումյանը:
Անի Կարապետյան