
Թուրքիան գնողունակության ցուցանիշով 29-րդն է 37 եվրոպական երկրների ցանկում

Թուրքիան գնողունակության առումով զգալիորեն զիջում է Եվրամիության անդամ և թեկնածու երկրներին։ 37 եվրոպական երկրների ցանկում այս երկիրը գնողունակության ցուցանիշով 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Եվրամիության վիճակագրական գրասենյակի հրապարակած գնողունակության պարիտետի համաձայն՝ ԵՄ-ում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ միջին ցուցանիշը 100 միավորն է։
Թուրքիայում այդ ցուցանիշը հավասար է 67 միավորի, ինչը 2 միավորով ավելի է 2018թ․ հունիսին հրապարակված նախորդ արդյունքից։
Նշված զեկույցում ընդգրկվել են ԵՄ անդամ 28 երկրները, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ 3 երկրներ՝ Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան, ԵՄ անդամ դառնալու 5 թեկնածու երկրներ՝ Թուրքիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, ինչպես նաև՝ մեկ պոտենցիալ թեկնածու երկիր՝ Բոսնիա և Հերցոգովինան։
Ըստ գնողունակության պարիտետի՝ մեկ անձին բաժին ընկնող ամենաբարձր ՀՆԱ ցուցանիշն է արձանագրվել Լյուքսեմբուրգում՝ 253 միավոր։ Դա 153 տոկոսով գերազանցում է ԵՄ միջին ցուցանիշը։
Իսկ ամենացածր միավորը գրանցվել է Ալբանիայում, մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 30 միավոր է, ինչը 70 տոկոսով պակաս է ԵՄ միջին ցուցանիշից։