Բաժիններ՝

«Այդ մարդկանց հրապարակային հայտարարությունները, ցանկությունները, բարի կամքի դրսևորումները չունեն որևէ օրինական հիմք»

Վերջին ամիսներին ականատես ենք լինում, որ նախկին պաշտոնյաներից մի քանիսը պետությանն են նվիրաբերում իրենց պատկանող անշարժ գույք կամ խոշոր գումար։

Օրինակ,՝ ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով ձերբակալված է, պատրաստվում է պետությանը նվիրել 6 մլն դոլար, ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը, իսկ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքն էլ պատրաստակամություն էր հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը:

Իսկ Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե։

Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր Հայաստանում օտարերկրյա ներդրում են:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ, եթե տվյալ անձինք իրենց գույքը ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով, ինչո՞ւ պետությանը դրանք չեն վերադարձվում օրենքով սահմանված ընթացակարգերով։ Շատերը նույնիսկ դա որակում են՝ որպես «պետական ռեկետ է», երբ պետությունն այլոց սեփականությունները տարբեր միջոցներով և ճանապարհով վերցնում է:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորիկ Նորիկյանն անդրադառնալով այս թեմային, նախ նկատեց, որ նշված բոլոր պաշտոնյաների մասով, առերևույթ նրանց կողմից իրականացվող հանցավոր արարքների վերաբերյալ պետք է ընթանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախաքննություն՝ օբյեկտիվ և բազմակողմանի, որից հետո քննության արդյունքներով ձեռք բերված մեղադրական եզարակացությունները պետք է հաստատվեն Դատախազության կողմից և ուղարկվեն ՀՀ դատարաններ, որտեղ պետք է տեղի ունենա բաց ու արդար քննություն։

«Եթե դատաքննության արդյունքում այդ անձինք ճանաչվեն մեղավոր և ՀՀ անունից հրապարակված դատական ակտով ենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանից հետո միայն իրավասու դատարանի կողմից հնարավոր է գույքի բռնագրավման վերաբերյալ դատական ակտի կայացում։ Այսինքն՝ նրանց գույքի բռնագրավումը կարող է իրականացվել բացառապես դատարանի միջոցով։ Հետևաբար՝ այդ մարդկանց հրապարակային հայտարարությունները, ցանկությունները, բարի կամքի դրսևորումները չունեն որևէ օրինական հիմք։ Այլ հարց է, որ նվիրատվություն կարող է ձևակերպվել»,- ասաց փաստաբանը։

Նրա կարծիքով, եթե անձը կատարել է առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, և տվյալ անձին մեղավոր ճանաչող միակ սուբյեկտը դատարանն է։ Հետևաբար, այս բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն իրավական հարթության համատեքստում։

«Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ որևէ անմեղ մարդ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, անկախ նրանից, թե տվյալ մարդու անունն ու ազգանունն ինչ է»,- նշեց Նորիկ Նորիկյանը։

Հարցին, թե այս ամենը նախադեպ չի՞ ստեղծում, որպեսզի մարդն ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերի, իսկ հարկ եղած դեպքում այն նվիրի պետությանը և ազատվի քրեական պատասխանատվությունից, Նորիկ Նորիկյանը պատասխանեց, որ այս պահին ամեն ինչ դեռևս հայտարարությունների մակարդակում է, երբ լինի գործարք, հասարակությունը պետք է իմանա, թե կոնկրետ որ արարքի համար է նման գործարք իրականացվել։

«Օրինակ՝ ինձ համար հարց է, Արմեն Ավետիսյանը, որ այդ հյուրանոցը վերադարձնում է պետությանը, ի՞նչ է կատարվել, կամ ի՞նչ է արել, ամեն ինչ պետք է իրականացվի հրապարակային հարթության վրա։

Միանշանակ, այն մարդիկ, ովքեր գողացել են պետությունից՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել, պետք է թալանածը վերադարձնեն, բայց վերադարձնելու ընթացքն է շատ կարևոր։ Որպես փաստաբան՝ կարծում եմ, որ այդ ամենը պետք է իրականացվի ՀՀ իրավական ընթացակարգերին համապատասխան։ Այո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սեփականության իրավունքով կարող է իր գույքը նվիրել՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ այս կամ այն սուբյեկտին։

Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք պետք է հասկանանք, թե Վաչագան Ղազարյանը 6 մլն դոլարն ինչից ելնելով է նվիրաբերելու պետությանը, իսկ մեկ տարի առաջ չէր նվիրում։ Այդ պատճառով էլ այդ մարդկանց գործերը պետք է գնան դատարան»,- ընդգծեց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս