
Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» շարունակություն է խոստացել

Ամերիկացի գրող եւ սցենարիստ Ջորջ Մարտինը խոստացել է ավարտել «Սառցի եւ Հրո երգը» մատենաշարը, որի մոտիվներով նկարահանվել է «Գահերի խաղը» հանրաճանաչ սերիալը: Այդ մասին նա հայտնել է իր բլոգում։
«Ես վերադարձել եմ մենության իմ ամրոցը եւ վերադարձել եմ Վեստերոս: Դուք այն կտեսնեք ոչ վաղը եւ ոչ էլ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառցի եւ Հրո երգի» եզրափակիչ մասը»,- խոստացել է գրողը:
Մարտինը հավելել է, որ շուտով էկրաններ կբարձրանա «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, ինչպես նաեւ հայտնել է սերիալի համար պրիկվելի պատրաստման մասին: «Լինելու է նոր սերիալ, որն առայժմ ոչ պաշտնապես անվանել ենք «Երկար գիշեր», այժմ կատարվում է դերասանների ընտրություն: Նաեւ կատարվում է եւս մի քանի շոուների սցենարների պատրաստման աշխատանք»,- հավելել է գրողը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: