Բաժիններ՝

Ապրիլ ամսին 1,3 տարեկան երեխայի կյանքը խլած վթարի մեղավորը համաներմամբ ազատ է արձակվել

Ապրիլի 23-ին Երևանի Սարալանջի փողոցում առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պոպովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից:

Ապրիլի 26-ին, այդպես էլ գիտակցության չգալով՝ փոքրիկը մահացել էր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել էր, և նա ձերբակալվել էր։
Դրանից հետո «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, սակայն վերջինս այս տարվա հոկտեմբերին հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել։

Այս ամենը հարուցել էր մահացած երեխայի ծնողների զայրույթը։

Կարդացեք նաև

«Մեզ մոտ նման դեպքերում օրենքները բավականին մեղմ պատիժ են նախատեսում, իմ երեխայի մահվան պատճառը հանդիսացած անձը դատապարվեց չորս տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց։ Փաստաբանից տեղեկացանք, որ բողոքարկելն անիմաստ է, որովհետև, եթե խնդիրը կապված լիներ Քրեական օրենսգրքի հետ, կարող էինք ինչ-որ բան անել ու անպայման կանեինք։ Քանի որ նա ազատ է արձակվել համաներմամբ, ցավոք, ոչինչ չենք կարող անել։ Երեխաս 1,3 տարեկան էր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մահացած երեխայի մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը։

Նշենք, որ վթարի մեղավորն ազատ է արձակվել դեկտեմբերի 4-ին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս