«Հանգստացեք և զբաղվեք ձեր գործերով». Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագահ լինելու վերաբերյալ լուրերի մասին

«Ինձ համար միանշանակ հասկանալի է, թե ովքեր են մամուլին յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո տրամադրում նման տեղեկատվություն։ Ինձ համար հասկանալի է նաև այդ տեղեկատվության թաքնված իմաստը, թե ինչի համար է դա արվում»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե Զոհբարյանը կարող է լինել ԱԺ փոխնախագահ։

«Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո իմ անձի հետ կապված նույնաբովանդակ լուրեր են դնում շրջանառության մեջ, հանգստանալ, հանգստանալ և զբաղվել իրենց գործերով։ Ես մեծ քաղաքական թիմի անդամ եմ, որտեղ կորոշի իմ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ իմ ռեսուրսը, իմ ջանքը, հնարավորություններն ու ներդրումը լինի, ես կլինեմ այդտեղ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել է , որ եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը: «Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»,-գրում է թերթը։

 

Տեսանյութեր

Լրահոս