Բաժիններ՝

Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Մակրոնի տված խոստումներից. հարցում

Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել է դեկտեմբերի 10-ին ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, եւ հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին: Այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցախույզի տվյալները, որը դեկտեմբերի 11-ին հրապարակել է LCI հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոնավորների» բողոքները դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին:

Նշվում է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս: Միեւնույն ժամանակ հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը համարել է անհամոզիչ, իսկ 49 տոկոսը հավատացել է Մակրոնի խոսքին: Հացումն անցկացվել է Ֆրանսիայի նախագահի ճառի հեռարձակումից անմիջապես հետո, դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 991 մարդ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձով դիմել է ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:

Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է ոստիկանների դեմ բռնությունը բողոքների ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս