«Պատրաստվեք, փոխզիջումների վարպետ Գագիկ Ծառուկյանն է լինելու ընդդիմություն, վա՜յ իր հալին». Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ  Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր  «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը:

«Բացարձակ մեծամասնությունը նախագահական համակարգի պայմաններում վնաս չի տալիս, իսկ  խորհրդարանական համակարգը բալանս չունի: Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են: ԲՀԿ-ն հակակշռելո՞ւ է, թե՞ չէ: Խորհրադարանին պակասում է հարյուր տոկոսանոց չափավոր լիբերալիզմը, որովհետև այն պետք է հավասարակշռի այն, ինչ փորձեցի հասկացնել հասարակությանն ու իշխանությանը, բայց եղավ այն, ինչ եղավ:

Հիմա փոխզիջումների վարպետ Գագիկ Ծառուկյանն է լինելու ընդդիմություն, պատրաստվե՛ք դրան: Խորհրդարանը գաղափարական, քաղաքական իմաստով այլընտրանք չունի: Ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանը, վա՜յ իր հալին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:

Հարցին՝ այսինքն, հիմա մեզ արտախորհրդարանական ընդդիմությո՞ւն է անհրաժեշտ, Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ երկրին զարգանալ ու ռազմավարական թիրախները փոխել է պետք:

«Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը պետք է զարգանան, իսկ այդ խորհրդարանն ի՞նչ է անելու»,- հարցրեց քաղաքագետը:

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է՝  Ձեր ծրագրերից օգտվեն, Լևոն Շիրինյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.

«Իմ բառամթերքն էին առանց այն էլ կիրառում, ավելին՝ առասպելական ճերմակ աղավնին սիմվոլ ենք դարձնում,  Նաիրա Զոհրաբյանը սև կատուն գրկում, նստում ու նկարվում է: Գոնե սպիտակ կատու վերցներ»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի 3.89 տոկոս ձայն ստանալուն, քաղաքագետը նշեց, որ նրանք էլ էին պատասխանատու երկրում ստեղծված վիճակի համար:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Լևոն Շիրինյանն այն ոչ դրական, ոչ բացասական  գնահատեց.

«Հասարակությունը բևեռացել էր, նրանք վախենում էին, որ ՀՀԿ-ն կվերադառնա»:

Խոսելով ընտրություններին քաղաքացիների պասիվ մասնակցության մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ, եթե 50 տոկոսը չի գնում ընտրության, ուրեմն կա անվստահություն վարվող քաղաքականության հանդեպ:

«Դա կոչվում է պասիվ դիմադրություն»,- նկատեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս