«Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը». ՀՀԿ ընտրական շտաբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։

Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ:

Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է:

Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:

Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ:

Ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգեւորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։

Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտում մեր բոլոր աջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տեվեցիք մեզ բարդ իրավիճակում: Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։

Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

ՀՀԿ ընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս