«Դուք համարձակ քաղաքացիներ եք, դուք իրական մտահոգ քաղաքացիներ եք, և այդ 60.000 ձայները մեզ թևեր են տալիս պայքարի նոր փուլ սկսել». Էդուարդ Շարմազանով
«Այսօր ես ընտրությունների արդյունքներից չեմ խոսի։ Կխոսեմ պայքարող տեսակից, մտահոգ քաղաքացիներից, կխոսեմ նոր պայքարի սկզբի մասին, բայց նախ ուզում եմ արձանագրեմ մի բան. Հայաստանի պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին։ Աննախադեպ էին ոչ միայն, որովհետև արտահերթ էին, այլ որովհետև պետության ղեկավարը, իշխանությունը, ռեժիմը, ինչպես կուզեք կոչեք, ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի ու վախի մթնոլորտ քարոզելու, տարածելու համար»,- այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս հավելեց նաև, որ նույնիսկ այս պայմաններում, երբ մտահոգ քաղաքացու մեկ ձայնը հավասար էր երեկվա հազար ձայնին, Հայաստանի Հանրապետությունում գտնվեցին շուրջ 60000 արժանապատիվ, մտահոգ, ազգային ու քրիստոնեական արժեքներով ապրող քաղաքացիներ, որոնք չընկրկեցին սպառնալիքների առջև՝ ձայն տալով Հանրապետական կուսակցությանը։
«Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով ձայն է տվել ՀՀԿ-ին։ Ուզում եմ ասել, դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության և մեր համակիրների վերածննդի օրն է, որովհետև դուք «ոչ» ասացիք թշնամությանը, ատելությանը, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն, յուրայինների և օտարների բաժանմանը։ Դուք համարձակ քաղաքացիներ եք, դուք իրական մտահոգ քաղաքացիներ եք, և այդ 60000 ձայները մեզ թևեր են տալիս պայքարի նոր փուլ սկսել հանուն այն Հայաստանի, որտեղ գործում են իրական սերն ու համերաշխությունը»,- իրենց ընտրողներին դիմելով՝ ասաց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ իրենց պայքարը նոր է սկսվում։
Վերջինս կարծում է, որ ինքն ու իր ընկերներն իրավունք չունեն չպայքարելու, հաշվի չնստելու իրենց ձայն տված յուրաքանչյուր մարդու մտահոգության հետ, ու կոչ արեց համախմբման, միասնության ու նոր պայքարի։
«Մարդիկ ապացուցեցին, որ կան 60000 քաղաքացիներ, որոնք ոչնչից չեն վախենում, և կա մի քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են հանուն իրենց գաղափարների պայքարել։ Մենք իրավունք չունենք հիասթափեցնել ձեզ։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, և կոչ եմ անում ձեզ չվհատվել։ Մենք մեզ և մեր հակառակորդներին ապացուցեցինք, որ Հայաստանում կան մտահոգ քաղաքացիներ»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Լոռու իր ընտրողներին, ովքեր, հակառակ ամեն ինչի, չվախեցան քվեարկել իր օգտին, և ՀՀԿ-ին ձայն տված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առհասարակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սա երկարատև պայքար է, որտեղ լույսը հաղթելու է ստվերին:
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 10. Dezember 2018
Հրապարակման պատրաստեց 168.am-ը