Անասնագողությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց
Դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության Անիի բաժնում Քարաբերդ գյուղի մի բնակիչ հաղորդում տվեց, որ նախորդ օրվա ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 6:30-ը, ինչ-որ մեկը կոտրել է իրենց անասնագոմի փականն ու հափշտակել հինգ գլուխ մեկ տարեկան հորթեր, որոնցից մեկը գտնվել է անասնագոմից մոտ 50 մ հեռավորության վրա, մյուսները չկան: Գյուղացուն պատճառած վնասի չափը մոտ 600.000 դրամ էր:
Ոստիկանության ծառայողները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել, և հաղորդումից ժամեր անց, Քարաբերդ գյուղի դաշտերում քրեական հետախույզները նկատեցին «Գազել» մակնիշի մեքենա: Վարորդը չկար: Մեքենայում գողացված հորթերն էին: «Գազելի» անիվները թաղվել էին ցեխի մեջ, ձախողել գործը: Ցեխով քողարկված էին նաև համարանիշերը, իսկ թե ումն էր «Գազելը», դեռ հարկավոր էր պարզել:
Այդ առավոտ գողության մի հաղորդում էլ ոստիկանության Մուշի բաժնում էր ստացվել:Գյումրեցի կինը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ի ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 8-ը, իրենց տան դիմացից գողացել են փեսայի մեքենան: Տարօրինակ զուգադիպությամբ` «Գազել» մակնիշի էր:
Կողմնորոշումը ստանալուն պես արդեն պարզ էր, որ խոսքը նույն մեքենայի մասին է: Առաջին հայացքից թվում էր` հափշտակել են մեքենան, հետո էլ` հորթերը: Բայց այդպես չէր: Ոստիկանները նույն օրը, «Գազելի» տիրոջը` Գյումրիի բնակիչ Հովհաննես Մանուկյանին, հայտանբերեցին Մարալիկ քաղաքում, որը Քարբերդից առանձնապես հեռու չէ, և գողության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Անիի բաժին:
Անհականալի էր` ինչու է մեքենան Մարալիկում փնտրել, ինչու ինքը չի ոստիկանություն ահազանգել, այլ խնդրել է զոքանչին ու էլի շատ հարցեր, որոնց պատասխանները չգտնելով` Մանուկյանը խոստովանեց, որ ինքն է հորթերը գողացել, իսկ գործը ձախողելուց հետո, որպեսզի ոստիկաներին շեղի, հարազատներին խնդրել է ոստիկանություն զանգել:
Գողոնը վերադարձվել է տիրոջը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: