Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները դո՞ւրս են մղվել օրակարգից. պարզաբանում է Դավիթ Բաբայանը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից 168.am-ը հետաքրքրվեց՝ սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները դուրս են մղվել օրակարգից, որ միայն Դուշանբեի մասին է հիշատակվում։
«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ երևույթին, շատ դժվար է գործնականում իրականացնել։ Չնայած՝ մյուս կողմից, եթե կա Դուշանբեի պայմանավորվածությունը, և թուլանում է լարվածությունը, միգուցե սա ինչ-որ տեղ դիտարկվում է՝ որպես նաև այդ պայմանավորվածությունների ինչ-որ ձևով իրականացում։ Թեպետ, պետք է ինստիտուցիոնալ լինի, իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի որոշ պայմանավորվածություններ իրականանան՝ դիտորդներ լինեն այնտեղ, ավելացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մարդկանց թվաքանակը, և այլն։ Մյուս կողմից՝ լավ է, որ արձանագրվում է՝ պետք է թուլացնել լարվածությունը սահմանի երկայնքով»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ հետաքրքիր է նաև այն ձևակերպումը, որ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության. «Մենք դրա մասին միշտ ենք խոսում, որովհետև ամենամեծ խոչընդոտը հենց Ադրբեջանի հայատյաց պահվածքն է, ընդ որում՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանի հասարակությունն այնքան է թաթախվել հակահայկական մաղձով, որ շատ դժվար է սեղմ ժամկետում այդ ամենը դուրս հանել հասարակությունից։ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը սերմանվել է մսուր-մանկապարտեզներից մինչև ամենաբարձր պետական ատյանները։ Մեզ մոտ չկա ատելություն ադրբեջանցի հասարակության նկատմամբ, և դա մեր ուժեղ կողմն է։
Չի կարելի ատել մարդուն միայն իր ծագման համար, դա ճիշտ չէ։ Իսկ իրենց մոտ դա լուրջ է դրված, ադրբեջանական հասարակությունը հիվանդացել է այդ հայատյացությունից։ Հետևաբար, սա երկարատև գործընթաց է, և պետք է մեծ ջանքեր գործադրել՝ այդ իրավիճակը փոխելու։ Օրինակ՝ Իլհամ Ալիևն իշխանության գալուց հետո բոլորովին սառեցրել է բոլոր տեսակի համագործակցությունները, նույնիսկ հանդիպումները՝ նույնիսկ ոչ կառավարական հարթություններում։ Նախկինում նման հանդիպումներ և քննարկումներ տարբեր տեղերում եղել են, նույնիսկ՝ Երևանում, Բաքվում, Ստեփանակերտում, էլ չասած՝ Թբիլիսիում, եվրոպական քաղաքներում»։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ, եթե երկու հասարակությունների միջև շփումներ չկան, կարծրատիպերն ավելի են ուժեղանում, հնարավոր չի լինում ընդհանուր հայտարարի գալ. «Եթե նման առաջարկ կա, ապա պետք է Ադրբեջանը կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»։
Հարցին՝ ինքը միշտ տարբեր առիթներով կարևորել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը, իսկ հիմա այս հայտարարության մեջ այդ մասին որևէ խոսք չկա, սա ինչ-որ առումով հայկական կողմից զիջում չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ զիջում չկա, որովհետև սա պայմանավորվածություն է, որը կարևոր է, որ իրոք զինադադարի ռեժիմը պահպանվի։ Ավելին, եթե լինեն բացասական միտումներ, անմիջապես արձանագրվի։ Իրենք կարող են չխախտել զինադադարի ռեժիմը, բայց նախապատրաստվեն ինչ-որ լայնածավալ գործընթացների, և այս ամենը պետք է ֆիքսվի նման դիտորդական առաքելության կողմից։ Այս տեսակետից է կարևոր, որպեսզի այնտեղ լինեն դիտորդներ, բայց, ըստ երևույթին, դրան կանդրադառնան հետագայում, որովհետև այդ պայմանավորվածությունները կարևոր են, ինչպես նաև կարևոր է Դուշանբեի պայմանավորվածությունը, որ իրավիճակը կայուն լինի։ Բայց գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, և որպեսզի խաղաղությունն ամուր պահենք, երբևէ չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք»։
Արցախի հարցի կարգավորման հնարավորություն այս պահին Արցախի նախագահի մամուլի խոսնակը չի տեսնում. «Կարգավորման հասնելու համար պետք է նախ և առաջ վերականգնել լիարժեք ձևաչափը, Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ռևանշիզմից, որովհետև Ադրբեջանն ասում է, որ Արցախի ինքնորոշման հետ կապված որևէ հարց չի կարող քննարկվել։ Ադրբեջանն անգամ ասում է, որ Երևանն է իրենցը։ Այսպիսի տրամաբանությամբ ի՞նչ կարգավորում պետք է լինի։ Դրա համար կարևոր է, որ կայունությունը պահպանվի, ինչ-որ քայլեր ձեռնարկվեն՝ գոնե այդ ատելությունն Ադրբեջանում իջեցնելու»։