«Արցախի կարգավորման հարցը չի կարող և չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի «մատաղացու»». Արմեն Աշոտյան

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթաժողովը, սակայն գագաթաժողովից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ գագաթաժողովը չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքը:

Յ. Ուշակովի այս հայտարարությանը հետևեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի հերքումն առ այն, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգելու խնդրանքով չի դիմել Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, այնուհետև  պատրաստի լուծումներով գնան գագաթաժողովին:

Արման Եղոյանի հայտարարությունից հետո ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պաշտոնապես հայտարարեց, որ Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման, իսկ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում իր բովանդակությամբ և ձևով։

Անդրադառնալով այս խնդրին՝ 168.am-ն ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում Մարիա Զախարովայի հայտարությունը։

«Եթե Մ. Զախարովայի հայտարարությունը դիվանագիտական լեզվից կարճ թարգմանենք, ապա կստացվի. «Այս ի՞նչ եք անում, տղերք»»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարի Միլանում կայացած հանդիպմանը և Արցախի խնդրին, Ա. Աշոտյանը նկատեց, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծման իր սկզբունքային դիրքորոշումը ենթադրում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին։

«Անցել է 7 ամիս, այս ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ երկու երկրների ատգործնախարարների մակարդակով, Մինսկի խմբի համանախագահների այցեր և հայտարարություններ, եղել են միջազգային տարբեր ֆորումներ, որին մասնակցել է Հայաստանը, և ոչ մի տեղ, ոչ մի գրավոր փաստաթղթում մեր իշխանությունների քաղաքական կամքը, որը միայն ողջունելի էր, և մենք էլ էինք այդ կարծիքին, իր տեղը չի գտել։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ չի ստացվում դա անել, իսկ ակնհայտ է, որ չի ստացվում (հիշեցնեմ, Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտեցումը մոտավորապես այնպիսին էր, որ իրենք դեմ չեն, և Հայաստանը պետք է  այս հարցի շուրջ խոսի Բաքվի հետ, սա նշանակում է, որ այս առաջարկությունն այս փուլում հեռանկար չունի), կա’մ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական պոտեցիալը չի բավարարում իր բարձրաձայնած շատ կարևոր, ճիշտ և, միաժամանակ, այս փուլում պոպուլիստիկ շահարկումների ենթակվող մոտեցումը կյանքի կոչելու համար»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթղթերում՝ լինեն Մինսկի խմբի համանախագահների հայտարություններ թե Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ընդունված բանաձև, լավագույն դեպքում, ինչ կարողանում են անել՝ ինչ-որ չափով կրկնօրինակել Հանրապետականի դիվանագիտական մշակումները՝ որպես բանաձևի մաս, իսկ վատագույն դեպքն այն է, որ այդ բանաձևումներից արդեն վաղուց անհետացել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման մասին  հիշատակումները։

«Մինսկի խմբի համանախագահների, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին արած վերջին հայտարարության մեջ ամբողջությամբ մոռացել են իրավական կամ դիվանագիտական կարևոր փաստաթղթերը, և հիշատակվում է միայն այս տարվա Դուշանբեի պայմանավորվածությունը, սա շատ վտանգավոր օրակարգ է, սա նշանակում է, որ այս իշխանությունները չեն գիտակցում, որ, եթե կառուցում են բազմահարկ շենք, ապա չեն կարող այդ շենքի հարկերն ավելացնել՝ ներքևի հարկերը քանդելով։

Նրանք Արցախի հարցի կարգավորման դիվանագիտական, այսպես ասած,  «բանկային» մեր հաշվի վրա՝  որպես արդյունք, որևէ հավելյալ արդյունք չեն ավելացրել։ Ինչ արել ենք, արել ենք մենք խորհրդարանում, հիմնականում՝ ես, Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը՝ մեր գործընկերների հետ։ Թող անհամեստ չհնչի, բայց Նիկոլ Փաշինյանի կառավաման ժամանակ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում ամենալուրջ ընդունված փաստաթուղթը ԵՄ-Հայաստան մինջխորհրդարանական հանձնաժողովի նիստի փաստաթուղթն է։ Ինձ և իմ գործընկերներին հաջողվել է այդ փաստաթղթում ներառել հայկական կողմի փաստարկային պոտենցիալը»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում բուռն փոփոխություններ, որոնք պայմանավորված են նախ՝ Իրանի և Սիրիայի շուրջ գլոբալ բախումների հետքային ռեակցիաներով Հարավային Կովկասում։ Ուստի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, ինքնուրույն քաղաքական միավորներ չեն այդ խաղում, «երկուսն էլ պլացդարմ են»։

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ գերտերությունները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի կարողանան իրենց դիրքավորման գործընթացն ավարտել տարածաշրջանում։

«Շատ կարևոր է, որ նրանց շահերը չհամադրվեն հայ ժողովրդի և Հայաստանի պետական շահի հաշվին, որ որևէ աշխարհաքաղաքական ուժ չդիրքավորվի Հարավային Կովկասում Հայաստանի աշխարհաքաղաքական շահի հաշվին,այն է՝ Արցախի հաշվին։ Ահա սա է խորը և համապարփակ մտահոգությունը։ Կան հարցեր, որտեղ պուպուլիզմը սպանում է քաղաքական միտքը և քաղաքական շահերը, և այս հարցերից կարևորագույնը Արցախի կարգավորման հարցն է , որը չի կարող և չպետք է դառնա առնվազն ներքաղաքական պոպուլիզմի «մատաղացու»։ Սա մեր կողմից շատ հստակ դիրքորոշում է»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս