«Ամեն ինչի համար էլ շատ գումար է պետք, ոչ մի բանի համար քիչ գումար պետք չի»

«Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 90%-ի՝ 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թ-ի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: Հարկ է նշել, 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ»,- այսօր Գյումրիում կառավարության արտագնա արտահերթ նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ ներկայացնելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հարցը։

Ըստ նրա՝ կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թ. մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը. «Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ դրամ: Ընդ որում՝ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն դրամ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ 498 ընտանիքին բնակարանով ապահովելուց հետո արդյոք լուծվո՞ւմ է անօթևանության հարցը պետության պարտավորությունների շրջանակներում։

Ա.Էլոյանը պատասխանեց, թե պետության պարտավորությունը հիմնավորվում է շահառուների ընտրության պրոցեսով, այսինքն՝ բնականաբար, կլինեն անճշտություններ և սխալներ, բայց այս պահին որպես շահառու հաշվառված է 498 ընտանիք։

Նրա խոսքով՝ բացի այս, կան նաև մոտ 4000 ընտանիքներ, որ չեն բնակվում մշտական շենքերում, տնակներում են։

«Էդ ընտանիքների նկատմամբ պետությունն ունի՞, թե՞ չունի պարտավորություն»,- կրկին հարցրեց Ն.Փաշինյանը։

«Միանշանակ հարց չի, մի մասի նկատմամբ երևի ունի, մի մասի նկատմամբ չունի, բայց դրա համար պետք է կատարվեն փաստագրման աշխատանքներ»,- պատասխանեց Ա.Էլոյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի կկատարվի փաստագրում և իրական պատկերը պարզ կլինի։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Գյումրիում կա 2856 տնակ, 1014 գրանցվածների ցուցակ կա, որոնք տուն են կորցրել, բայց նախկինում դուրս են մնացել գրանցումից, որովհետև այստեղ չեն եղել, կամ փաստաթղթերն են թերի եղել, նաև եղել են բազամանդամ ընտանիքներ, որոնց մի մասը տուն է ստացել, իսկ մի մասը կառավարության որոշումով մնացել է տնակներում, նաև կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել և հաշվառվել են, կան նաև տնակներ վարձակալածներ. «451 տնակում ընդհարապես մարդ չի բնակվում։ Ընդհանուր, եթե գումարում ենք էս թվերը իրար, ստացվում է 2856։ Ես 6 տարի հաշվառում եմ։ Երբ 2012 թ. որպես քաղաքապետ ընտրվեցի, քաղաքում կար 4200 հատ տնակ, էս տարիների ընթացքում փորձեցինք անել ամեն ինչ, նույնիսկ երեկ մենք 21 հատ բնակարան ենք նվեր տվել, 22 տնակ ծրագրով են դատարկել, 11 բնակարան տրվում է Սրմաքեշի ծրագրով, բայց սա ընդհանուր, եթե վերցնենք, որ էսպիսի տեմպերով պետք է գնանք, ինձ թվում է, պարոն  վարչապետ, երկար ժամանակ է անհրաժեշտ։

Բայց բովանդակային քաղշինկոմիտեի, տարածշքայինի, քաղաքապետարան, մարզպետարան իրար հետ աշխատենք, խորքային վերլուծություն կատարենք, բովանդակային, և հասկանանք՝ ինչ է, մենք ձեզ վերջնական կասենք թիվը»։

Ն.Փաշինյանն արձանագրեց, որ 1988-ի աղետից 30 տարի անց ամենամեծ խնդիրն այն է, որ չգիտենք՝ ինչ ասել է «աղտի գոտի», ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար։

Ընդ որում, ըստ նրա, միայն բնակարանների մասին չէ խոսքը, առնվազն ենթակառուցվածքներ ևս անհրաժեշտ են։ Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ, որի խնդիրը կլինի ամբողջական տեղեկատվական փաթեթ ձևավորելը։

Ալոյանի արձագանքին, թե խնդիրը գումարն է, Փաշինյանը կատակով հակադարձեց՝ ո՞վ գիտի՝ ինչքան գումար է պետք՝ ԿԲ նախագա՞հը, թե՞ ֆինանսների նախարարը. «Ամեն ինչի համար էլ շատ գումար է պետք, ոչ մի բանի համար քիչ գումար պետք չի»։

Տեսանյութեր

Լրահոս