«Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև: Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ միայն ձևաչափը ներմուծելով հնարավոր է ստանալ այն բովանդակային որակը, որն առկա է բանավեճերի հայրենիքում՝ Արևմուտքում: Սակայն ինքնին մեծ բանավեճը, ընդհանրապես առատ բանավեճային ձևաչափերը հետաքրքիր նորամուծություն են, որի հետ հայաստանյան քաղաքական դաշտը ստիպված է լինում առերեսվել:

Ինչևէ: Գալով նախօրեի մեծ բանավեճին, պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով հնարավոր չէ դատել, թե որ ուժը այդ բանավեճում հաղթեց: Քաղաքական իրավիճակում, բնականաբար, ի սկզբանե հաղթել է հեղափոխական ուժը, և այս իմաստով բանավեճը որոշակիորեն կորցրել է իր հիմնական նպատակը՝ ընտրության արդյունքի վրա ազդելը:

Սակայն, եթե բանավեճը չի կարող որոշել ընտրության հաղթողին, այնուամենայնիվ կարող է, օրինակ, որոշել, թե ինչպես կընտրի չկողմնորոշված էլեկտորատը:

Հայաստանի էլեկտորալ շերտն, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Կա ստվար հատված, որ անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կա մեկ այլ հատված, որը աջակցում է հեղափոխությանն ընդհանրապես, բայց կոնկերտ Փաշինյանի հետ կապված ունի վերապահումներ, կա ՀՀԿ–ի փոքրաթիվ էլեկտորատը, որը ակամայից դարձել է այս հեղափոխության արդյունքում մարգինալացված շերտը, կա ՀՅԴ-ն իր ավանդական ընտրողներով, ԲՀԿ-ն՝ նույնպես իր տարածքային կառույցների ակտիվ աշխատանքի միջոցով ունի որոշակի էլեկտորատ:

Սրանից բացի, կան նաև մարդիկ, որոնք որևէ կերպ չեն կողմնորոշվում՝ ընտրել հեղափոխությանը, դրան կից ուժերին, թե հին Հայաստանը ներկայացնողներին:

Չմոռանանք նաև, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային ընտրակարգով, ասել է թե, շատ դեպքերում անհատների հանգամանքը գերադասվելու է կուսակցություններին:
Հայաստանի էլեկտորալ դաշտի մասին խորքային սոցիոլոգիական ուսումնասիրություններ չկան, կան միայն հպանցիկ ու մակերեսային, կասկածելի սոցիոլոգիական անվանվող կանխատեսումներ:

Սա է պատճառը, որ Հայաստանի ընտրողի վարքը ազատ պայմաններում բավական անկանխատեսելի է: Այս իմաստով առաջիկա ընտրությունները, հատկապես դրանց ազատ և թափանցիկ անցկացման դեպքում շանս են տալիս հասկանալու ընտրողների մոտեցումները, ընտրողների դաշտի առանձնահատկություններն ու բաժանումները:

Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը, քանի որ այդ հարցը լուծված էր ի սկզբանե: Բայց դրանք շանս են տալիս մյուս ուժերին դեպի իրենց կողմնորոշել չկողմնորոշված կամ կիսակողմնորոշված էլեկտորատին: Այս գիտակցումը, ընդ որում, հազվադեպ էր նկատվում բանավեճերում, ինչը ևս խոսում է բանավեճերի հանդեպ Հայաստանի քաղաքական համակարգի ընտելացված չլինելու մասին: Շատ դեպքերում պրագմատիկ նպատակին գալիս էր փոխարինելու մաքսիմալիզմն ու բանավիճող հակառակորդին ոչնչացնելու ինքնանպատակությունը:

Այնինչ, գոնե այն ուժերը, որոնք հավակնում էին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերին, պիտի գիտակցեին, որ բանավեճերում խոսում էին ոչ թե իրենց մրցակիցների, թեկուզև թույլ մրցակիցների, այլ հասարակության, հատկապես դրա չկողմնորոշված հատվածի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս