«Սա ամենամեծ ճնշումն է, որ հնարավոր է գործել դատարանների նկատմամբ». Հայկ Ալումյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեկտեմբերի 4-ին, երբ Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանն Աշտարակ քաղաքում ելույթի ժամանակ սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի նկատմամբ.

«Մենք գտնում ենք, որ դա պատահական չէր։ Թեև այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում սրանք ուղղակի ուղղված էին այն դատարանին և այն դատավորին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի։ Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունը հետևյալն էր, որ՝ մենք նախորդ իշխանություններին կբերենք դատարաններ։ Ճիշտ է՝ այնտեղ որոշ ուրիշ տերմինալոգիա կա՝ մկներ, սերմացու և այլն, բայց իմաստն այն է, որ նախորդ իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա կդատենք նաև նրանց։ Նաև այսպիսի արտահայտություն արվեց, որ ապագայում ձևավորվելիք ԱԺ-ն և կառավարությունը բավարար լծակներ ունեն դատական իշխանության վրա ցանկացած ձևով ազդեցություն ունենալու համար»։

Փաստաբանը հայտարարեց, որ ցանկացած պարագայում՝ անկախ նրանից՝ ում վերաբերյալ է գործը, ծայրահեղ վտանգավոր են նման հայտարարությունները. «Իշխանության որևէ ճյուղ չպետք է ճնշում գործադրի դատարանի, դատավորի նկատմամբ, ինչքան էլ կարևոր գործ քննվելիս լինի, ինչքան էլ այդ իշխանության մոտ ցանկություն լինի, որ գործը լուծվի որոշակի ձևով, և ինչքան էլ մեծ հասարակական, հանրային պահանջմունք լինի, որ գործը լուծվի որոշակի ձևով։ Եթե դատարանները գործեն սպառնալիքի ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքան էլ դա օբյեկտիվ լինի, չի համարվելու օրինական, երբևիցե վիճարկվելու, տարբեր կասկածներ է առաջացնելու։

Եթե այս ճնշումները, որոնք հիմա գոյություն ունեն դատական համակարգի նկատմամբ, դնենք իրար կողքի և վերլուծենք, կպարզվի, որ այսօր իրավիճակը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ, նույնիսկ՝ ավելի վատն է։ Նախորդ իշխանություններից այս իշխանություններն առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ բացառվի ճնշումը դատական համակարգի նկատմամբ՝ նույնիսկ ամենալավ նպատակներից ելնելով։ Չպետք է մարդկանց մոտ թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ։

Դատավորները չպետք է որոշում կայացնելիս իրենց զգան այն վիճակում, որ, եթե իրենց ներքին համոզմամբ գտնեն, որ տվյալ դեպքում պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք հայտնվելու են թիրախի կարգավիճակում, համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նախորդ իշխանությունների պատվերը կատարող։ Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի նկատմամբ»։

Նա ընդգծեց. «Սա ամենամեծ ճնշումն է, որ հնարավոր է գործել դատարանների նկատմամբ, հատկապես՝ պատահական չէր օրը ընտրված, ամսի 4-ին երբ Քոչարյանի վերաբերյալ դատական գործերն ավարտվեցին, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որպեսզի ամսի 7-ին կայացնի որոշում, և հենց նույն օրը հնչեցին սպառնալիքները՝ դատական համակարգի նկատմամբ։ Չի կարելի այսպես։ Այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանական ճնշումներին, նրանք հետագայում նաև կոռումպացվում են։ Հենց կոռումպացված դատավորներն են, որ առավել հեշտ ենթարկվում են իշխանական ճնշումներին։ Այս ձևով կոռուպցիա են բուծում, երբ դատավորներին դարձնում են պատվեր կատարող»։

Նա հավելեց, որ պատրաստ են անմիջապես դիմել Եվրոպական դատարան, եթե ֆիքսեն իրենց պաշտպանյալի իրավունքի խախտում։

Ինչ վերաբերում է երեկվա հրապարակված ձայնագրությանը, ասաց, որ փաստաբանական խմբով որոշել են այդ ձայնագրությանն ընդհանրապես չանդրադառնալ. «Այդ ձայնագրությունն իր մեջ այնքան բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա։ Այն պարտադիր դառնալու է գործի մաս»։

Տեսանյութեր

Լրահոս