
«Ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործիչներն անձեռնամխելի են իրենց հայտարարած տեսակետի համար». Ստյոպա Սաֆարյանը՝ Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր ընկերներս տեղյակ են, կարդացել են Արցախի թեման բացարձակ ցածր հարթության վրա քննարկելու անցանկալիության մասին իմ դիրքորոշումը, որ հայտել եմ տարբեր հարցազրույցներում, ստատուսներում:
Ես հավասարապես մտահոգիչ եմ համարել ոչ միայն այս հարթության վրա մեզ համար ազգային անվտանգության հարց համարվող այդ կարևոր հիմնախնդրի քննարկումը, ինչպես որ մտահոգիչ կհամարեի դրա շուրջ դիսկուրսների բացակայությունը:
Հիմնավոր չեմ համարել նաև այս ամիսներին ու մասնավորապես քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը հասցեագրվող մեղադրանքները, թե նրանք Արցախը հանձնող են, հանձնում են, ինչպես որ Դավիթ Շահնազարյանը և ՀՀԿ այլ ներկայացուցչներ հայտարարեցին այս օրերին: Բայց….
Սիրելիներս. ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործիչներն անձեռնամխելի են իրենց հայտարարած տեսակետի համար, եթե այն վիրավորանք, զրպարտություն, պետական գաղտնիք չի պարունակում, ու եթե անգամ դրանք ցնցում են հասարակությանը:
Կարդալով ԱԱԾ բացատրությունը` Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին, չես կարող չտեսնել, որ դա անհեռանկար գործ ու գործելակերպ է… Եթե անգամ վարչապետը խոսում է Արցախը վտանգող հայտարարությունների համար տվյալ հայտարարության հեղինակներով ԱԱԾ զբաղվելու մասին, գոնե ԱԱԾ-ն պետք է իր բարձունքին գտնվի ու գործի պրոֆեսիոնալ:
Օրինակ, Դավիթ Շահնազարյանը կարող է հայտարարել, որ ինքը ոչ թե ապացույցներ ունի, որ նոր իշխանությունը դավադիր համաձայնություն է տվել Արցախը հանձնելու մասին, այլ իր գնահատողական դատողություններն են, ինչի իրավունքը ունի ցանկացած քաղաքական գործիչ:
Ի վերջո, անցած տարիներին Արցախը հանձնելու մեջ իշխանություններին շատ ավելի բաց մեղադրել են շատ քաղաքական գործիչներ. Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ շատ տարիներ առաջ Իջևանում հայտարարեց՝ «Ղարաբաղը տված պրծած է», ՀՀ բազում քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ Սերժ Սարգսյանին են մեղադել, այդ թվում՝ «Սասնա ծռերը» և այլն, և այլն:
Այս գործելաոճի դեպքում միջազգային ու անկախ գնահատականներում նոր իշխանությունները շահեկանորեն չեն առանձնացնելու նախկին իշխանություններից, որոնք այդ հայտարարություններին այսպես չեն արձագանքել:
Ցավով եմ ասում: Եվ դա ՀՀԿ հետապնդած նպատակներից է՝ ապացուցել, որ բոլոր բնագավառներում նոր իշխանությունն ավելի վատն է, քան իրենք: Ինչո՞ւ եք օգնում, որ ՀՀԿ-ն հասնի այս նպատակին:
Միջազգային դիտորդների զեկույցներում, կասկած չունենաք, որ նախընտրական այս անառողջ մթնոլորտը, որը հանուն արդարության սադրում են ՀՀԿ-ականները, արտացոլվելու է: Ուզում եք մի հատ էլ գրե՞ն, որ իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր հակառոկորդների, փաստացի խոչընդոտներ ստեղխծում նրանց ընտրարշավի համար իրենց հայտնած կարծիքի համար: Մրցակցի քաղաքական հռետորաբանությանը պատասխանում են քաղաքական մեթոդներով:
Այն խնդիրը, որ հարուցեց ՀՀԿ-ն ընտրարաշավում, անլուծելի չէ ու սա միակ եղանակը չէ: Սա արդեն անփորձություն չէ, սա ուղղակ ոչ պրոֆեսիոնալիզմ է, ու տարիներ էլ անցնեն, անփորձությունը պրոֆեսիոնալիզմի չի վերածվելու, կամ ձեռքբերված փորձառությունը նույնական չի լինելու պրոֆեսիոնալիզմի հետ: Դա արդեն դառնում է պրոֆեսիոնալ անփորձություն…
Չեմ հասկանում, թե ինչով են մտածում….
Հ.Գ. Ասվածն ամենևին Դավիթ Շահնազարյանի տեսակետների արդարացում չէ. ես այն առաջ էլ եմ հիմնազուրկ համարել, այժմ էլ»:
Բոլոր ընկերներս տեղյակ են, կարդացել են Արցախի թեման բացարձակ ցածր հարթության վրա քննարկելու անցանկալիության մասին իմ…
Gepostet von Styopa Safaryan am Mittwoch, 5. Dezember 2018