«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Նման հարցի շուրջ Պուտինի և Փաշինյանի միջև տարաձայնությունը չափազանց վատ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ իրարամերժ տեղեկություններին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է որոշում կայացվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետևյալն է՝ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր Փաշինյանը։

Սակայն ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը»,- ասել է Ուշակովը:

Իր հերթին, Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը, անդրադառնալով Ուշակովի մեկնաբանությանը, ասել է, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։ Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում նշեց, որ, նախ, ինքը տեղյակ չէ, թե ՀԱՊԿ նիստի հետաձգումը ո՞ր կողմի առաջարկը կամ խնդրանքն է եղել: Սակայն, նրա գնահատմամբ, նմանատիպ տարաձայնությունը չափազանց վատ է երկկողմ հարաբերությունների համար: Դա, Կոլերովի կարծիքով, նշանակում է, որ կողմերի միջև չկա փոխըմբռնում, եթե նրանք տարաձայնություն ունեն նման պարզ հարցի շուրջ:

«Սա ցույց է տալիս, որ չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին այդքան շատ էր պատմում Փաշինյանը: Դա վատ է: Ես ցանկանում եմ ասել, որ նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք եղել է վստահության դեֆիցիտ: Շատ վատ է, որ նման պարզ հարցի շուրջ Փաշինյանը ցուցաբերում է տարաձայնություն Պուտինի հետ, դա ձեռնտու չէ Հայաստանին, դա պետք չէ Հայաստանին»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը:

Ըստ նրա, այս տարաձայնության պատճառը շատ պարզ է` այն հանգամանքը, որ Հայաստանը խախտել է գլխավոր քարտուղարի փոփոխման ՀԱՊԿ-ի ընթացակարգը:

«ՀԱՊԿ-ը Հայաստանին հնարավորություն է տալիս սպառազինություն ստանալ ռուսական ներքին գներով: Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել այն կազմակերպության նկատմամբ, որի արտոնյալ պայմաններից նա ակտիվորեն օգտվում է, հենց այս պատճառով է դա տեղի ունենում»,-ասաց Կոլերովը:

Կոլերովը գտնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցի շուրջ որոշում կա: «Հարցի շուրջ որոշման կայացումը հետաձգվելու է մինչև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ֆորմալ ավարտը, այսինքն՝ ֆորմալ քառամյա ժամկետը: Իսկ մինչ դա Սեմերիկովն է իրականացնելու այդ պարտականությունները»,- նշեց Կոլերովը:

Նշենք նաև, որ Հայաստանի նախագահությունն ավարտվում է ՀԱՊԿ-ում 2020 թվականի հունվար ամսին:

Տեսանյութեր

Լրահոս