Կուտակային կենսաթոշակի բաղադրիչը կբարձրանա եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգընթաց
Կառավարությունը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը տարածվեց նաև մասնավոր հատվածում աշխատողների վրա, և որպեսզի հասարակության սոցիալական բեռը չծանրանար՝ կառավարության նախաձեռնությամբ ժամանակավոր փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով նախկին 5%։5% համամասնության փոխարեն սահմանելով՝ 7.5%։2.5%, որտեղ 7.5% վճարում է պետությունը, 2.5%՝ գործատուն։ Այս համամասնությունը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ հարկային բարեփոխումների նոր փաթեթը ուժի մեջ չի մտել։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով՝ Կառավարությունը հարկային բարեփոխումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն։ 2019 թվականի հուլիսի 1-ից գործելու է եկամտային հարկի միասնական, համահարթ 23 դրույքաչափ, որը մինչև մինչև 2023 թվականը աստիճանաբար նախատեսվում է նվազեցնել մինչև 20 տոկոս:
Ժամանակահատված | Եկամտային հարկի դրույքաչափը |
2019 թվականի հուլիսի 1-ից | 23 տոկոս |
2020 թվականի հունվարի 1-ից | 22 տոկոս |
2021 թվականի հունվարի 1-ից | 21 տոկոս |
2022 թվականի հունվարի 1-ից | 20.5 տոկոս |
2023 թվականի հունվարի 1-ից | 20 տոկոս |
Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Այսինքն, աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:
Հաջորդիվ առաջարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը սահմանել ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը: Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար: