Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերություները վերընթաց զարգացում են ապրել. ԱՄԷ-ն նշում է հիմնադրման 47-ամյակը

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նշել է ԱՄԷ հիմնադրման 47-ամյակը: Ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կազմակերպած միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին, ընդգծելով, որ ՀՀ եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններն հիմնված են փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների վրա, և այդ հարաբերությունները վերջին տարիներին հասել են երկու բարեկամ երկրների միջև ռազմավարական մակարդակի:

«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը և տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ ևս դիտարկվում են շարունակական զարգացման և խորացման միտումներ: Եթե 2015 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 50 միլիոն դոլար, ապա 2017 թվականին այն կազմել է մոտ 250 միլիոն դոլար»,- ասաց ԱՄԷ-ի դեսպանը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի Հայաստանը և ԱՄԷ-ն նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և այդ 20 տարիների ընթացքում վերընթաց զարգացում են ապրել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունները:

«Այսօր Հայաստանը և Էմիրությունները արդյունավետ կերպով համագործակցում են տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է արձանագրվել, ունեցել ենք ավելի քան 30 փոխայցելություններ, բազմաթիվ գործարար հանդիպումներ, փորձագիտական այցեր, մասնակցություն տարբեր համաժողովների և ցուցահանդեսների: Երկու երկրների միջև ստորագրվել են երկու տասնյակից ավելի համագործակցության փաստաթղթեր»,- ընդգծեց Ավինյանը:

Նրա խոսքով` դինամիկ զարգացում է ապրում համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Հայաստանի քաղաքացիները հաճախ են այցելում Էմիրություններ, այսօր նաև Էմիրությունների քաղաքացիների շրջանում է աճում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

«Էմիրությունների քաղաքացիները Հայաստան են այցելում առանց մուտքի վիզաների, ինչն իրապես նպաստել է զբոսաշրջության ոլորտի զարգացանը, ինչպես նաև ավիաչվերթների զարգացմանը` իրականացվում է շաբաթական շուրջ 17 չվերթ»,- նշեց Ավինյանը:

Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս սպասվում է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը Երևանում:

«Համոզված եմ, որ դա ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- ընդգծեց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրները կկարողանան երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների շահերի շրջանակներում խթանել երկկողմ համագործակցությունը եւ խորացնել տարբեր ոլորտներում երկրների միջեւ հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս