Հիմա վերջնագրերի ժամանակ չէ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ հիմա վերջնագրերի ժամանակ չէ: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով լրագրողների հարցին, որը վերաբերում էր ընդդիմության ներկայացրած վերջնագրին, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Դեռեւս վերջնագրերի ժամանակը չէ: Նախեւառաջ դեմոկրատիան պահանջում է, որ ճանաչվի ընտրված նախագահը. եւ մենք անցնենք նոր ռեժիմի, հանգստացնենք քաղաքական միջավայրը, թուլացնենք դիմակայությունը: Ինչպեսին կլինի այդ ռեժիմը, մենք կորոշենք ավելի ուշ, եւ ես աշխատելու եմ այդ ուղղությամբ, ես ինքս ինձ խոսք եմ տվել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական համակարգով:
Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով: Վաշաձեի խոսքով՝ միավորված ընդդիմության հետագա քայլերը կախված կլինեն կառավարության պատասխանից:
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այս րոպեներին հանդիպում է անցկացնում նորընտիր նախագահի հետ, որը ժամանել է Հավլաբարի նստավայր: Հանդիպումն անցնում է դռնփակ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Զուրաբիշվիլին, հանդիպմանը քննարկվելու են երդմնակալության եւ գործերի փոխանցման ընթացակարգի հարցերը: