Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանուն եւ Գեղարքունիքի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, ողջ աշխատակազմի, Վարդենիս համայնքի բնակչության համար կատարյալ անակնկալ է եղել Արամ Հարությունյանի հրաժարականը, որը հայտնի է դարձել միայն այսօր առավոտյան:
«Հրաժարականի մասին իմացել ենք միայն այսօր առավոտյան, աշխատանքի գալուց հետո:
Դիմումները ներկայացված են ավագանու եւ Գեղարքունիքի մարզպետի անուններով, որոնցում որպես հրաժարականի հիմնական պատճառ նշված է ընտանեկան դրությունը: Վաղը հրավիրված ավագանու նիստում քննության կառնվի համայնքի ղեկավարի դիմումը:
Ամեն դեպքում, մեզ այդ հրաժարականի մասին որեւէ լուրջ պատճառ հայտնի չէ: Եթե Արամ Հարությունյանը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա մեզ մնում է սպասել ՀՀ կառավարության որոշմանը եւ շարժվել օրենքով սահմանված կարգով»,-ներկայացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում եւ պաշտոնավարել 1 տարի: Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի վարչական կազմում են ընդգրկված Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա գյուղերը:
Խոսրով Խլղաթյան