«Մարդը մնալու է զրոյի վրա և բանկից վերցրած գումարն էլ չի կարողանալու փակել». Գագիկ Ծառուկյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպեց Ապարան քաղաքի բնակիչների հետ։

Ըստ Գ. Ծառուկյանի, մեկ առ մեկ ուսումնասիրել են բոլոր քաղաքներն ու գյուղերը և գիտեն, թե մարդիկ ինչով են զբաղվում, այս ամենը հաշվի առնելով էլ՝ ԲՀԿ-ն կազմել է իր նախընտրական ծրագիրը։

«Ապարանցին միշտ զբաղվել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մենք պայմաններ ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքով զբաղվել։ Բոլորն էլ գիտեն, հացահատիկով, անասնապահությամբ, մսամթերքով, կաթնամթերքով ամբողջ Հայաստանը ճանաչված է եղել։ Մարդ ուրիշ բան չի ուզում, միայն ուզում է պայմաններ, որպեսզի աշխատի և իր տունը պահի։ Հացահատիկի մշակությամբ զբաղվելու համար պետք է լինեն էլիտար սորտեր, եթե սերմը ցանում ու ստանում ես 7-8 հարյուր կիլոգրամ բերք, ապա այն որևէ արդյունք չի տալիս։ Մարդը մնալու է զրոյի վրա և բանկից վերցրած գումարն էլ չի կարողանալու փակել»,- դիմելով ապարանցիներին՝ նշեց ԲՀԿ առաջնորդը։

Ըստ Գ. Ծառուկյանի, անասնապահությամբ զբաղվելու համար էլ գյուղացիներին պետք է տրամադրվեն 2 տոկոսով գյուղատնտեսական վարկեր, որպեսզի մարդիկ այն գարնանը վերցնեն, աշնանը հնարավորություն ունենան վերադարձնելու։

«Չեմ ասում, որ բոլորին պետք է 2-3 մլն դրամ տրամադրվի, վարկը պետք է տրամադրվի՝ ըստ մարդու գործունեության, ունեցած հողատարածքի։ Ծառուկյանը գիտի, տեղյակ է, որ մարդը եթե ունի հինգ անասուն և գարնանը վերցնելով 2 մլն դրամ վարկ, կկարողանա  30 հատ հորթ գնել, որը 50-70 հազար դրամ է։ Մինչև աշուն այդ հորթերը կտան 100-120 կիլոգրամ միս, որը վաճառելով 3 հազար դրամով՝ տարեկան կունենա 18 հազար դոլար, 8-ը թող հորթի գումարը լինի, իսկ 10 հազար դոլարը՝ մարդու շահույթը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա տեղեկացրեց,  որ ոչինչ անգիր արած չի ասում, ամեն ինչ կետ առ կետ գիտի, քանի որ եղել է սովորական ընտանիքից ու ամեն ինչ ստեղծել է։

Նա  ապարանցիներին վստահեցրեց, որ Ծառուկյանի խոսքը միշտ գործ է եղել, և ոչինչ հենց այնպես չի ասել։

«Չեմ ասում, որ, եթե ձայն չտաք, չեմ անելու, դա ինձ համար ամոթ է, կյանքում նման բան չեմ կարող ասել՝ արել եմ, անում եմ և անելու եմ։ Բոլորն էլ գիտեն, որ այն ներդրումները, որոնք անում եմ իմ երկրում, եթե, օրինակ, Ռուսաստանում անեի,   տասնապատիկ ավելի շատ շահույթ կունենայի։ Բայց ես սիրում եմ իմ երկիրը, հպարտանում եմ, մենք պատերազմող երկիր ենք, բայց մեր ազգը շնորքով է, կառուցող։ Այսօր չլուծվող խնդիրներ չկան, և որևէ մեկը չի կարող ասել, որ Ծառուկյանը ժողովրդին բան է խոստացել և չի արել, ինչ ասել եմ, մի բան էլ ավելի արել եմ ու անելու եմ։ Միայն հարկավոր է, որ մեր քաղաքական գործիչները, որոնք ծրագիր են ներկայացնում, հանդիպենք ու քննարկենք, որի ծրագիրը լավն է՝ նրա կողքին կանգնենք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս