«Մենք ոչ մի ընդհանուր բան չենք ցանկանում ունենալ ԱՄՆ-ի այդ վարչակազմի հետ». Մահմուդ Աբաս
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն արգելք է համարում Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար եւ բանակցություններում հույսը դնում է ուրիշների, ներառյալ Ռուսաստանի վրա։
«Մենք ոչ մի ընդհանուր բան չենք ցանկանում ունենալ ԱՄՆ-ի այդ վարչակազմի հետ, մենք նրանցից (խաղաղ կարգավորման) ոչ մի պլան չենք ընդունի, որը խախտում է միջազգային իրավունքը եւ չի համապատասխանում միջնորդների դերին: ԱՄՆ-ը մի շարք պատժիչ միջոցներ է ձեռնարկել Պաղեստինի նկատմամբ, եւ նա չի կարող այլեւս միակ միջնորդը լինել»,- հայտարարել է Աբասը, որը Հռոմ է ժամանել՝ հադիպելու Հռոմի պապի եւ Իտալիայի ղեկավարության հետ, դեկտեմբերի 3-ին La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում: Նա նաեւ Դոնալդ Թրամփի վարչակազմն «արգելք» է համարել տարածաշրջանում «խաղաղության հասնելու համար»:
Ըստ որում Պաղեստինի առաջնորդը նշել է, որ ստեղծված պայմաններում պատրաստ է ուղղակի երկխոսություն վարել Իսրայելի հետ եւ հույսը դնում է մյուս երկրների միջնորդության վրա: «Եվրոպան կարող է խաղալ իր դերը: Եվ մենք բաց ենք ուղղակի երկխոսության համար»,- նշել է Աբասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: