Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում 57 ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները:
Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնրլ է տուժողի մահ):
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: