Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանել Մոսկվայի նկատմամբ

Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանել Մոսկվայի դեմ՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար, դեկտեմբերի 2-ին հաղորդեց ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։

Վաշինգտոնը հայտնում է, որ Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները սահմանվում են Քիմիական և կենսաբանական զենքի արգելման մասին օրենքի շրջանակներում։

«Մենք մտադիր ենք կատարել ամերիկյան օրենսդրության պահանջները»,- «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ ասում են Պետդեպարտամենտում։

Սկրիպալների գործով պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել օգոստոսի 27-ին։ Ենթադրվում էր, որ երկրորդ փաթեթն էլ ուժի մեջ կմտնի 90 օրվա ընթացքում, եթե Ռուսաստանը չկատարի մի շարք պայմաններ։ Վաշինգտոնը հայտնում է, որ Ռուսաստանն այդ պայմանները չի կատարել։

Պատժամիջոցների երկրորդ փաթեթը, փորձագետների գնահատմամբ, չափազանց կոշտ է և լուրջ խնդիրներ է առաջացնելու Ռուսաստանի տնտեսության համար։ Այս փաթեթով մասնավորապես նախատեսվում է արգելել ռուսական ապրանքների մուտքը Միացյալ Նահանգներ, այդ թվում՝ նաև նավթի ու նավթամթերքի։

Արգելվում է նաև ամերիկյան ապրանքների մուտքը Ռուսաստան, բացի մթերքից։ Արգելվում է նաև Ռուսաստանի պետական ավիաընկերությունների թռիչքները Միացյալ Նահանգներ, այդ թվում՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավերի թիռչքները դեպի ամերիկյան օդանավակայաններ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մինչև տարվա վերջ Միացյալ Նահանգները հնարավոր է չհասցնի սահմանել այս պատժամիջոցների երկրորդ փաթեթը, քանի որ Կոնգրեսը չի հասցնի հաստատել։

Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Տեսանյութեր

Լրահոս